Հայաստանում օրենքը շոգից չի պաշտպանում
Հանրապետությունում վերջին օրերին երկար պահպանվող շոգը գրեթե անհնար է դարձրել ցերեկվա ժամերին դրսում գտնվելը, հատկապես՝ արեւի ուղիղ ճառագայթների տակ:
Ընտրության հնարավորություն ունեցող քաղաքացիների համար այս խնդիրը հաղթահարելի է. ցերեկային ժամերին փորձում են շենքերից դուրս չգալ կամ ստվերում լինել: Ավելի բարդ է այն քաղաքացիների համար, որոնք աշխատում են բացօթյա պայմաններում, օրինակ, շինհրապարակներում։ Նման աշխատողների համար ՀՀ օրենսդրությունը եղանակաով պայմանավորված ոչ աշխատանքային օրեր չի նախատեսում, սահմանում է միայն հատուկ ընդմիջումներ 40 աստիճանից բարձր ջերմաստիճանի դեպքում, սակայն չի սահմանում ընդմիջման հստակ հաճախականություն եւ տեւողություն:
Ըստ ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 153-րդ հոդվածի 3-րդ կետի՝ հատուկ ընդմիջումներ պետք է տրամադրվեն, եթե աշխատանքը կատարվում է պլյուս 40 աստիճան ցելսիուսից բարձր կամ մինուս 10 աստիճան ցելսիուսից ցածր օդի ջերմաստիճանային պայմաններում, ինչպես նաև ծանր ֆիզիկական կամ մտավոր և հուզական գերլարված բնույթ կրող կամ առողջության համար բացասական ներգործություն ունեցող վտանգավոր այլ պայմաններում: Նույն հոդվածի 4-րդ եւ 5-րդ կետերն էլ սահմանում են. «Լրացուցիչ և հատուկ ընդմիջումները ներառվում են աշխատաժամանակում, իսկ դրանց տրամադրման կարգը սահմանվում է ներքին կարգապահական կանոններով, աշխատանքի ժամանակացույցով, կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրերով: Լրացուցիչ և հատուկ ընդմիջումների քանակը, տևողությունը և հանգստանալու տեղը նախատեսվում են կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրերով»:
Փաստորեն, աշխատակիցների այս իրավունքի պաշտպանությունը օրենքը թողնում է գործատուի խղճին: Այս օրերին Հայհիդրոմետի օդերեւութաբանական ծառայությունը միայն մեկ անգամ է հաղորդել 40 աստիճանից բարձր ջերմաստիճանի առկայության մասին, մինչդեռ քաղաքացիների կենցաղային ջերմաչափերի սնդիկը շատ հաճախ 40 աստիճանից վերեւ է բարձրացել:

















































