Հայաստանի խոշորագույն հարկատուները. ով եւ որքան է վճարում
Վերջին տարիներին Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուների վարկանիշի վստահ առաջատարն է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն։ Բացառություն չէր նաեւ ընթացիկ տարվա 1-ին կիսամյակը։ Ճիշտ է, այս ժամանակահատվածում մոնոպոլիստը պետբյուջե է վճարել 92 մլն դրամով կամ 0․4 տոկոսվ քիչ հարկ, քան մեկ տարի առաջ։ Սակայն վարկանիշում ամենամոտ մրցակից՝ «Գրանդ Տոբակո» ԲԲԸ-ից հեռավորությունն այնքան մեծ է, որ նման չնչին անկումը ոչ մի կերպ չի ազդում առաջատարի դիրքի վրա։ Ի գիտություն՝ «գազային» մոնոպոլիստը գրեթե 1․7 անգամ շատ հարկ է վճարել, քան ծխախոտային գործարանը։
Ընդհանուր առմամբ Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուներն առաջին կիսամյակում պետբյուջե են վճարել 378․5 մլրդ դրամ հարկ։ Դա 31․8 մլրդ դրամով՝ կամ 9․32 տոկոսով գերազանցել է անցած տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Ի դեպ, նշված աճից ավելի քան 19 մլրդ դրամը կամ 60 տոկոսը ապահովել են երկրի առաջին 100 խոշորագույն հարկատուները։ Աճի գերազանցող տեմպերի արդյունքում երկրի պետբյուջեի հարկային եկամուտներում «խոշորագույնների» մասնաբաժինը ավելացել է 1․1 տոկոսային կետով, հասնելով 68․7 տոկոսի։
Ուշագրավ է, որ վարկանիշի առաջին տասնյակում «ծխախոտային» ընկերությունների քանակը մեկից երեք է դարձել։ Դանցից խոշորագույնը՝ «Գրանդ Տոբակո» ԲԲԸ-ն վարկանիշում պահպանել է երկորրդ տեղը ։ Ավելացել է մեկ այլ հայրենական արտադրող՝ «Ինթերնեշընըլ Մասիս Տաբակ» ԲԲԸ-ն, նաեւ ծխախոտային արտադրանք նեմուծող «Ֆիլիպ Մորիս Արմենիա» ԲԲԸ-ն։
Ընդ որում «Ինթերնեշընըլ Մասիս Տաբակ» ԲԲԸ-ն հաշվետու կիսամյակում վճարել է 100 մլն դրամով քիչ հարկ, քան մեկ տարի առաջ։ Պարզապես «ոսկյա» տասնյակից դուրս են մնացել այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են «Արմենիա տելեֆոն կոմպանի» ՓԲԸ-ն, «Ֆլեշ» ընկերությունն ու Հայկական ԱԷԿ-ը, ինչի հետեւանքով ծխախոտ արտադրող հայրենական ընկերությունը ավտոմատ կերպով 11-րդ տեղից 9-րդ է բարձրացել։
Նկատենք, որ հաշվետու կիսամյակում երկրում արտադրված ծխախոտի ավելի քան 90 տոկոսն արտահանվել է։ Միաժամանակ ավելի քան մեկուկես անգամ կրճատվել է ներքին շուկա հայրենական ծխախոտի մատակարարումների ծավալը։ Մեկ քառորդով նվազել է նաեւ ծխախոտի ներմուծումը։
Մատակարարումներում այս տեղաշարժների հետեւանքով ներքին շուկայի համար ծխախոտների ռեսուրսների ծավալը մեկ տարում կրճատվել է 30 տոկոսով։ Մեկ տարում ծխախոտը թանկացել է գրեթե 13 տոկոսով (ակցիզահարկի դրույքի աճի պատճառով) ու մեկ տուփի միջին մանրածախ գինը կազմել է 392 դրամ։ Միանգամայն հնարավոր է, որ գների այդքան կտրուկ աճն ազդել է այս «վնասակար» արտադրանքի նկատմամբ սպառողների պահանջարկի վրա։

















































