Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Արգենտինայի Ռոսարիո քաղաքում ընթացող «Սանտա Ֆե-2026» Հարավամերիկյան խաղերում հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարն առանձնացավ պատմական իրադարձությամբ: 39-ամյա հայտնի հայ ըմբիշ, աշխարհի չեմպիոն և Լոնդոնի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը, ներկայացնելով Արգենտինան, ոսկե մեդալ նվաճեց մինչև 77 կգ քաշային կարգում:
Եզրափակիչ գոտեմարտում Ջուլֆալակյանը 4-2 հաշվով տպավորիչ հաղթանակ տարավ կոլումբիացի Խաիր Կուերոյի նկատմամբ՝ ռևանշի հասնելով խմբային փուլում նրանից կրած պարտության դիմաց: Այս մեդալը պատմական նշանակություն ուներ Արգենտինայի համար. երկիրը վերջին 16 տարիների ընթացքում Հարավամերիկյան խաղերում հունահռոմեական ըմբշամարտի ոսկե մեդալ չէր նվաճել: «Արգենտինայի այս երկարամյա դադարն ինձ համար հսկայական մոտիվացիա էր՝ հաղթելու և՛ ինձ, և՛ երկրի համար: Անհավատալի զգացողություն էր»,- նշել է հայ ըմբիշը մրցաշարից հետո:
Արսեն Ջուլֆալակյանի անունը հայկական սպորտում վաղուց արդեն ոսկե տառերով է գրված: Ծնվելով 1987 թվականին Գյումրիում՝ 1988-ի Սեուլի Օլիմպիական խաղերի չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանի ընտանիքում, Արսենը կարողացավ կերտել սեփական փառահեղ ուղին: 2009-ին նա դարձավ Եվրոպայի, իսկ 2014-ին՝ աշխարհի չեմպիոն, սակայն նրա կարիերայում շրջադարձային եղավ 2012-ի Լոնդոնի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալը:
Թվում էր, թե 2021 թվականի հուլիսին, «Տոկիո-2020»-ի ուղեգրի համար պայքարում հավաքականի ներսում տեղի ունեցած վիճահարույց որոշումներից և քաղաքականություն մուտք գործելուց հետո, նրա սպորտային կարիերան ավարտված է: Սակայն 2023 թվականին Շվեյցարիայում կայացած հանդիպումը արգենտինացի նախկին օլիմպիական ըմբիշ, ներկայումս Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի պաշտոնյա Յուրի Մայերի հետ, փոխեց ամեն ինչ: «Չե՞ս ցանկանում քո չորրորդ Օլիմպիական խաղերում ներկայացնել Արգենտինան»,- Մայերի այս անսպասելի առաջարկը վերածնեց Ջուլֆալակյանի սպորտային կիրքը:
Վերադարձը հեշտ չէր: Ջուլֆալակյանը պատրաստվում էր հանդես գալ «Փարիզ-2024»-ում, սակայն ծանր վնասվածքի պատճառով ստիպված եղավ մեկ տարի տրամադրել վերականգնմանը: Չցանկանալով սպորտից հեռանալ վնասվածքի պատճառով՝ նա շարունակեց պայքարը և արդեն 2025 թվականին Մոնտերեյում կայացած Համաամերիկյան առաջնությունում նվաճեց արծաթե մեդալ:
Ռոսարիոյում կայացած Հարավամերիկյան խաղերի այս ոսկին ամրապնդեց նրա դիրքերը նոր հավաքականում: Տեղի երկրպագուները հայ չեմպիոնին ընդունեցին որպես յուրայինի, իսկ ինքը՝ Ջուլֆալակյանը, արդեն նախանշել է հաջորդ գլխավոր նպատակը: Չնայած 39 տարեկան հասակին՝ փորձառու ըմբիշը հայտարարել է, որ մտադիր է պայքարել 2028 թվականի Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերի ուղեգրի համար՝ կրկին Արգենտինայի դրոշի ներքո:
Ռոսարիոյում հունահռոմեական ըմբշամարտի մրցաշարն անցավ լեփ-լեցուն տրիբունաների ներքո: Արգենտինայի հավաքականին ևս մեկ արծաթե մեդալ պարգևեց 21-ամյա Ռիկարդո Նաուել Գոմեսը (97 կգ), իսկ թիմային հաշվարկում աչքի ընկան նաև Վենեսուելայի ներկայացուցիչները՝ նվաճելով երեք ոսկե մեդալ:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Գրունիսը մահացել է՝ «կատարելով իր պարտքը»
«Մեղրատոն 2026». փեթակն ու արհեստական բանականությունը՝ Երևանի «Երազ» այգում
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսախցիկները գայլերի են ֆիքսել (տեսանյութ)
Դարձիր Երևանի քաղաքապետի օգնական
Կոսովոյի նախկին նախագահ Հաշիմ Թաչիին դատապարտել են 25 տարվա ազատազրկման
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Ռուսաստանը վաղաժամ քվեարկություն է անցկացնում Ուկրաինայի օկուպացված շրջաններում
Փարիզում ոստիկանները զանգվածային բողոքի ակցիա են անցկացրել