Ուկրաինայի գերագույն ռադան ուկրաիներենը միակ պետական լեզու հռչակելու մասին օրենք է ընդունել
Ուկրաինայի գերագույն ռադան օրենք է ընդունել, որի համաձայն ուկրաիներենը երկրի միակ պետական լեզու է հռչակվում, գրում է РИА Новости-ն:
Օրենքին կողմ է քվեարկել 278 պատգամավոր, ընդ որում՝ քվորումը 226-ն է եղել: Այժմ փաստաթուղթը պետք է ներկայացվի երկրի նախագահի ստորագրմանը:
Օրենքը պահանջում է, որ Ուկրաինայի քաղաքացիները կյանքի բոլոր՝ պետական, կրթական, առողջապահական, ծառայությունների և այլ ոլորտներում օգտագործեն բացառապես ազգային լեզուն: Բացառությունները կվերաբերեն միայն անձնական շփմանը և կրոնական ծեսերին:
Օրենքի հեղինակներն իրենց գլխավոր խնդիրն են համարում ուկրաիներենի՝ որպես ազգային լեզվի զարգացումը և պահպանումը: Ակնկալվում է պաշտոնյաների համար լեզվի հստակ մակարդակի գիտելիքների թեստ անցկացնել, որի արդյունքների անբավարար լինելու դեպքում նրանց 128-459 դոլարի տուգանք կսպառնա:
Ուկրաիներենի գործածումը պարտադիր կդառնա դատարաններում, բանակում, ոստիկանությունում, գովազդներում, նախընտրական քարոզարշավների և հանրաքվեների անցկացման ժամանակ:

















































