Հաքերները կոտրել են Microsoft Outlook ծառայությունը
Հաքերներին հասանելի են դարձել Outlook փոստային ծառայության օգտատերերի հաշիվները, գրում է ՌԲԿ-ը՝ հղում անելով The Verge-ին: Ընկերությունը մտավախություն ունի, որ դրա հետեւանքով որոշ օգտատերերի անձնական տվյալները կարող են վտանգվել:
TechCrunch-ը մանրամասնում է, որը խոսքը վերաբերում է msn.com եւ hotmail.com ծառայությունների օգտատերերին: Microsoft-ում շեշտել են, որ օգտատերերի քանակը սահմանափակ է: Հաքերներին հասանելի էին էլեկտրոնային փոստի հասցեները, նամակների պահոցում պանակների անունները, նամակների թեմաներն ու օգտատերերի կոնտակտները: Նամակների բովանդակությունը հասանելի չէր նրանց:
Դեպքը տեղի է ունեցել հունվարի 1-ից մարտի 28-ն ընկած ժամանակահատվածում: Ներկայումս Microsoft-ը փակել է վտանգված հաշիվներն ու զրկել հանցագործներին դրանց հասանելիությունից: Այդուհանդերձ, ընկերությունն առաջարկում է Outlook-ի օգտատերերին փոխել գաղտնաբառերը անվտանգության նկատառումներով: Microsoft-ը նախազգուշացրել է, որ արդյուքնում կոտրված հասցեներին հնարավոր է ուղարկվեն ֆիշինգային նամակներ եւ սպամ-հաղորդագրություններ:
Նախօրեին հայտնի էր դարձել, որ հաքերները կոտրել էին նաեւ մի քանի փակ վեբ կայքեր՝ կապված ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի հետ: Արդյունքում Համացանցում հայտնվել էին մի քանի հազար դաշնային գործակալների եւ ՀԴԲ-ի Ազգային ակադեմիայի ասոցիացիայի անդամների տվյալները: Հաքերներն անանունության պայմանով հայտնել էին լրագրողներին, որ պատրաստվում են վաճառել կառավարական կայքերի տվյալների մի մասը:

















































