Բողոքի ակցիա Կիևում՝ լեսբուհիների եվրոպական երկրորդ կոնֆերանսի անցկացման դեմ (լուսանկարներ)
Կիևի «Տուրիստ» հյուրանոցի դիմաց վերսկսվել է Լեսբուհիների եվրոպական երկրորդ կոնֆերանսի (ELC) դեմ ուղղված բողոքի ակցիան: Կոնֆերանսն Ուկրաինայի մայրաքաղաքում անցկացվում է ապրիլի 12-14-ը: Այս մասին հայտնում է strana.ua-ն:
Բողոքի ակցիայի մասնակիցները պատրաստել են պաստառներ, որոնց վրա գրված են. «Եվրոպացինե՛ր, հարգե՛ք մեր բարոյական արժեքները», «Ընտանիքը կնոջ և տղամարդու միությունն է», «Մենք երեխաներին և երիտասարդությանն անբարոյական արժեքներ պարտադրելուն դեմ ենք»: Ակցիային մասնակցում է շուրջ երկու տասնյակ մարդ:
Լրագրողների այն հարցին, թե ինչի դեմ են պայքարում, մասնակիցներից շատերը տեղյակ չեն եղել, սակայն ընդգծել են, որ պայքարում են «այլասերության դեմ»:
Հյուրանոցի շրջակայքը հսկում են անվտանգության աշխատակիցները:
Ոստիկանության հաղորդագրության համաձայն, նախօրեին շուրջ 30 ակտիվիստ ցանկացել էր մուտք գործել այն վայրը, որտեղ այսօր անցկացվում է կոնֆերանսը, սակայն իրավապահ մարմինները դա թույլ չէին տվել:
«Մի տղամարդ փորձել էր շենք ներխուժել, սակայն մասնավոր անվտանգության ծառայության աշխատակիցը գազի բալոն էր օգտագործել: Արդյունքում մեկ մարդ ունեցել է տեղում գտնվող Կարմիր Խաչի ներկայացուցիչների օգնության կարիքը»,- գրված է հաղորդագրությունում:
Լեսբուհիների եվրոպական երկրորդ կոնֆերանսի մասնակիցներն ընդգծում են, որ թեման «լեսբիական ճակատագրական շարժման կառուցումն» է՝ «Եկեք աշխարհին բերենք լեսբիական ոգի» կարգախոսով: Կազմակերպչական խումբը միջազգային է՝ Ավստրիայից, Գերմանիայից, Բելգիայից, Ֆրանսիայից և Իտալիայից մինչև Մոլդովա, Ղազախստան և Տաջիկստան:
Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին Կիևում տեղի էր ունեցել լեսբուհիների կոնֆերանսի դեմ ուղղված բողոքի ակցիա: Աջակողմյան կազմակերպությունների ակտիվիստները հարձակվել էին դրա մասնակիցների վրա՝ օգտագործելով պղպեղային գազ: Միջադեպի հետևանքով տուժել էր 10 մարդ:

















































