Կադիրովը գազի՝ Չեչնիայի կուտակած պարտքերը ներելու կոչ է արել
Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնող Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը մեկնաբանել է հանրապետության գերագույն դատարանի՝ բնակչության ունեցած գազի պարտքի դուրսգրումը չեղարկող որոշումը, գրում է РИА Новости-ն:
Նրա խոսքով՝ պատերազմի ժամանակ գազատար ցանցերը գործնականում ոչնչացվել են, հանրապետությունը մեծ կորուստներ է ունեցել, ինչպես նաև գազի սպառումը վերահսկելու հնարավորություն չի եղել:
Կադիրովն օրինակ է բերել այն պրակտիկան, երբ պարտատերը (պետությունը) չեղարկում է «տարբեր հանգամանքների պատճառով կամ տարիների ընթացքում» կուտակված պարտքը, և հիշեցրել է, որ Ռուսաստանը շատ պետությունների պարտքեր է ներել:
«Չեչնիան և իր ժողովուրդը հույս ունեն, որ ստեղծված հատուկ հանգամանքների պայմաններում պետությունն ու ընկերությունն իրենց կընդառաջեն: Եվ նման որոշումն արդար կլինի»,- եզրափակել է Չեչնիայի Հանրապետության ղեկավարը:
Հիշեցնենք, որ հունվարին հանրապետության մայրաքաղաք Գրոզնիի դատարանը հանրապետական դատախազության պահանջով բնակչության՝ ավելի քան 9 մլրդ ռուբլու չափով գազի պարտքը «անհուսորեն կորած» էր հայտարարել:
Հանրապետության իշխանություններն այդ որոշումն արդար էին համարել, սակայն դրանից հետո Ռուսաստանի Դաշնության ենթակա այլ տարածքներ պահանջել էին Չեչնիայի օրինակով զրոյացնել գազի իրենց պարտքը:
«Գրոզնիի Գազպրոմ միջշրջանգազ» ընկերությունն իր հերթին բողոքարկել էր առաջին ատյանի դատարանի որոշումը:

















































