Գերմանիան պատրաստ է 5 մլն եվրոյի օգնություն տրամադրել Վենեսուելայի բնակչությանը
Գերմանիան պատրաստ է 5 մլն եվրոյի օգնություն տրամադրել Վենեսուելայի բնակչությանը։ Այս մասին Redaktionsnetzwerk Deutschland մեդիախմբի հրատարակչություններին հայտարարել է երկրի տնտեսական համագործակցության եւ զարգացման հարցերով նախարար Գերդ Մյուլլերը՝ հայտնում է «Գերմանական ալիք»-ը։
Նման քայլը հնարավոր կլինի, երբ «տեղում պայմանները թույլ տան», հավելել է նա։ Մյուլլերի խոսքերով, Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն պետք է «դադարեցնի ցանկացած բռնություն եւ թույլ տա երկիր հումանիտար օգնության առաքումը»։
Պաշտոնական Կարակասին անհրաժեշտ է բացել ազատ ընտրությունների ճանապարհը՝ ընդգծել է նախարարը՝ հավելելով, որ հակառակ դեպքում հարավամերիկյան այդ երկրում ճգնաժամը կխորանա եւ քաղաքացիական պատերազմի վտանգ կառաջանա։ Վենեսուելական իշխանություններին ուղղված նման կոչով է հանդես եկել նաեւ ԳԴՀ ԱԳ նախարար Խայկո Մասը։
Փետրվարի 28-ին ՄԱԿ ԱԽ-ն չկարողացավ ընդունել Վենեսուելայի հարցով բանաձեւը, որը կոչ էր անում երկրում նոր նախագահական ընտրություններ անցկացնել։ Ռուսաստանը եւ Չինաստանը վետո էին դրել ԱՄՆ-ի կողմից առաջարկված փաստաթղթի վրա, որը մնացած բաների թվում կոչ էր անում Կարակասին հանել հումանիտար օգնության հասանելիության սահմանափակումները։

















































