«Առանց Իրանին դիմակայելու Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատումն անհնար է». ԱՄՆ պետքարտուղար
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատումն անհնար է առանց Իրանին դիմակայելու, գրում է US News-ը:
Պոմպեոն Իսրայելի վարչապես Բինյամին Նեթանյահուի հետ մասնակցում է Վարշավայում ընթացող Մերձավոր Արևելքի հարցերով համաժողովին, որի շրջանակում էլ նման հայտարարությամբ է հանդես եկել:
«Չի կարելի Մերձավոր Արևելքում խաղաղություն ու կայունություն հաստատել առանց Իրանին դիմակայելու, դա պարզապես անհնար է»,- նշել է պետքարտուղարը՝ հիշատակելով Լիբանանում, Եմենում, Սիրիայում և Իրաքում Իրանի ունեցած «վատ ազդեցությունը»:
Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել Պոմպեոյին համաժողովի կազմակերպման համար՝ կոչ անելով շարունակել «այլ ձևաչափով, այլ ուղիներով, սակայն նույն նպատակով» նման փոխգործակցությունները:
Իրանը հանդիպմանը հրավիրված չի եղել: ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնյաները, սակայն, ընդգծել են, որ Վարշավայում համաժողովը հակաիրանական բնույթ չի կրում:

















































