Վալերի Օսիպյանի ունեցվածքն ու աշխատավարձի չափը ոստիկանության պետի պաշտոնում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով և նախագահ Արմեն Սարգսյանի հրամանով
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը նշանակվել է ՀՀ ոստիկանապետ:
Tert.am-ը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքից տեղեկացավ, որ Վալերի Օսիպյանը վերջին` 2017 թվականի հայտարարագիրը ներկայացրել է մարտի 26-ին:
Ըստ հայտարարագրի` Վալերի Օսիպյանը 2017 թվականին անշարժ կամ շարժական գույք ձեռք չի բերել, չի վաճառել:
Հարկային տարվա վերջում Օսիպյանը, որպես դրամական միջոց հայտարարագրել է 300 եվրո և 1 մլն 450 հզր դրամ:
Հարկային տարվա սկզբում Վալերի Օսիպյանը փոխառել է 15 000 ԱՄՆ դոլար, 1500 ԱՄՆ դոլարը հանձնվել է հարկային տարում, իսկ հարկային տարվա ավարտին փոխառված գումարը կազմել է 16 500 դոլար:
Օսիպյանը նշել է, որ հարկատու տարում իր եկամտի աղբյուրն է հանդիսացել աշխատավարձը: Տարեկան եկամտի չափը կազմում է 4 մլն 380 հզր դրամ և 1500 դոլար:
Նշենք, որ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ գործող օրենքի՝ պետական պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը կազմում է 66,140 ՀՀ դրամ, ոստիկանության պետի դրույքաչափի գործակիցը սահմանվել է 12.00, հետևաբար Վալերի Օսիպյանը ամսական կստանա 793 հզր 680 դրամ:

















































