Հասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվի
Հայաստանում հասցեների միասնական էլեկտրոնային բազա ձևավորելու նախագիծը երեկ` նոյեմբերի 12-ի Կառավարության նիստում արժանացավ հավանության։ Օրենքի ուժ ստանալու համար նախագիծը պետք է ներկայացվի նաև ԱԺ-ին և ստանա հավանություն օրենսդիր մարմնի կողմից։
Էլեկտրոնային բազա ձևավորելու անհրաժեշտություն առաջացել է, քանի որ ըստ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի, հասցեավորման գործող համակարգում առկա են անհամապատասխանություններ, որոնք երբեմն դժվարություններ են առաջացնում նաև շտապօգնության ծառայության համար։ Մասնավորապես, լինում են դեպքեր, երբ անշարժ գույքի գրանցման վկայականում նշված հասցեն չի համապատասխանում էլեկտրոնային նավիգացիոն համակարգում առկա տվյալներին, ինչի հետևանքով շտապօգնության մեքենան չի կարողանում գտնել անհրաժեշտ հասցեն։
Կոմիտեի ղեկավարի խոսքով՝ վերջին երեք տարիներին աշխատանքներ են տարվել հասցեավորման համակարգի վերանայման ուղղությամբ, իսկ մինչ այժմ շուրջ 1.5 միլիոն հասցե ստանդարտացվել և մուտքագրվել է էլեկտրոնային համակարգ։
Ի՞նչ կփոխվի նոր կարգավորմամբ
Նախագծով նախատեսվում է հասցեների տրամադրման և փոփոխման գործընթացը պարզեցնել։ Մասնավորապես, անշարժ գույքի նոր հասցեի տրամադրումը կամ արդեն գոյություն ունեցող հասցեի փոփոխությունը հնարավոր կլինի իրականացնել նաև առանձին՝ առանց գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման գործընթացի։ Այսինքն՝ նոր հասցե ստանալու կամ գործող հասցեն փոխելու համար այլևս պարտադիր չի լինի սեփականության իրավունքի գրանցման գործընթաց անցնել։
Հասցեն կհամարվի տրամադրված կամ փոփոխված այն պահից, երբ այն կներառվի հասցեների միասնական էլեկտրոնային շտեմարանում։
Փոփոխություններով նախատեսվում է նաև, որ Կադաստրի կոմիտեն կարող է ինքնուրույն նախաձեռնել հասցեների ճշգրտման գործընթացը՝ համապատասխան առաջարկություններ ներկայացնելով հասցեավորումն իրականացնող լիազոր մարմիններին։ Այսինքն՝ նախկինում տրամադրված հասցեներում հայտնաբերված սխալներն ու անհամապատասխանությունները հնարավոր կլինի ուղղել առանց յուրաքանչյուր սեփականատիրոջ կողմից առանձին դիմում ներկայացնելու անհրաժեշտության։
Միաժամանակ, հասցեի փոփոխության կամ նոր հասցեի տրամադրման մասին անշարժ գույքի նկատմամբ գրանցված իրավունք ունեցող անձինք կծանուցվեն Կադաստրի կոմիտեի պաշտոնական կայքի «Անձնական գրասենյակ» բաժնի միջոցով։ Քաղաքացիները նաև հնարավորություն կունենան դիմումի հիման վրա ստանալու նոր գրանցման վկայական՝ հասցեի փոփոխության վերաբերյալ նշումով։
Այսպիսով, հասցեների միասնական էլեկտրոնային շտեմարանի ձևավորումը միտված է ոչ միայն հասցեավորման համակարգում առկա անհամապատասխանությունների վերացմանը, այլև հասցեների տրամադրման ու փոփոխման գործընթացն ավելի պարզ և հասանելի դարձնելուն։
Top news


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով