«Սավառնողին խփում են». այսօր Վանո Սիրադեղյանի 80-ամյակն է
Այսօր լրանում է անկախ Հայաստանի պատմության առանցքային կերպարներից մեկի՝ գրող, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ՆԳ նախկին նախարար Վանո Սիադեղյանի 80-ամյակը։
Նրա անունը նշանակալի տեղ է զբաղեցնում ինչպես հայ ժամանակակից գրականության, այնպես էլ Հայաստանի անկախ պետականության ձևավորման առաջին տարիների պատմության մեջ։
Վանո Սիրադեղյանը ծնվել է 1946 թվականի նոյեմբերի 13-ին Տավուշի մարզի Կոթի գյուղում։ 1974 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Աշխատել է մի շարք պարբերականներում, զբաղվել լրագրությամբ և գրական գործունեությամբ։ 1982 թվականին արժանացել է «Դրուժբա նարոդով» ամսագրի մրցանակին։
Վանո Սիրադեղյանի գրական ճանապարհը սկսվել է 1970-ական թվականների վերջին։ 1978 թվականին «Գարուն» ամսագրում տպագրվել են նրա «Տղամարդու խիղճը» և «Թերեզի երջանկությունը» պատմվածքները։ 1983 թվականին լույս է տեսել նրա առաջին՝ «Կիրակի» պատմվածքների ժողովածուն։
Հետագայում հրատարակվել են «Ծանր լույս», «Շատ չհամարվի», «Երկիր։ Ցպահանջ», «Ձեռքդ ետ տար ցավի վրայից», «Գյադաների ժամանակը» և այլ գրքեր։
Սիրադեղյանի ստեղծագործությունները առանձնանում են լեզվական ինքնատիպությամբ, պատկերավորությամբ և կերպարների հոգեբանական խորությամբ։ Նրա արձակում կարևոր տեղ են զբաղեցնում գյուղական միջավայրը, մարդկային հարաբերությունները, հասարակական բարքերը, անհատի ներաշխարհն ու ժամանակի ազդեցությունը մարդու ճակատագրի վրա։
1988 թվականը փոխեց ոչ միայն Հայաստանի, այլև Վանո Սիրադեղյանի կյանքի ընթացքը։ Նա միացավ Ղարաբաղյան շարժմանը, դարձավ «Ղարաբաղ» կոմիտեի անդամներից մեկը և ներգրավվեց անկախության համար պայքարում։
Կոմիտեի մյուս անդամների հետ 1988 թվականի դեկտեմբերից մինչև 1989 թվականի մայիսը նա գտնվել է կալանքի տակ՝ Մոսկվայում։
Հայաստանի անկախացման գործընթացում Սիրադեղյանը դարձավ Հայոց համազգային շարժման ազդեցիկ ներկայացուցիչներից մեկը։ 1990-1992 թվականներին եղել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր։
1992 թվականին նշանակվել է Հայաստանի ներքին գործերի նախարար։ Այդ պաշտոնը զբաղեցրել է մինչև 1996 թվականը։ 1996-1998 թվականներին եղել է Երևանի քաղաքապետ։
Նրա պաշտոնավարման տարիները համընկել են Հայաստանի համար բարդ ժամանակաշրջանի հետ։ Երկիրը գտնվում էր պատերազմի, տնտեսական ծանր վիճակի և պետական կառավարման նոր համակարգի ձևավորման պայմաններում։ Այդ տարիներին ներքին գործերի համակարգը կարևոր դեր ուներ երկրի անվտանգության և հասարակական կարգի ապահովման գործում։
Հետագայում մեծ է եղել նրա դերը Երևանի քաղաքապետի պաշտոնում։
1998թ. ներպալատական հեղաշրջումից ու ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո Վանո Սիրադեղյանի նկատմամբ կեղծ ցուցմունքների հիման վրա քրեական գործ հարուցվեց։
1999 թվականին նա ձերբակալվեց, սակայն մի քանի օր անց ազատ արձակվեց անձնական երաշխավորությամբ։ 2000 թվականի ապրիլին Ազգային ժողովը բավարարեց նրան պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և կալանավորելու միջնորդությունը։ Դրանից հետո Սիրադեղյանը հեռացավ Հայաստանից և մինչև կյանքի վերջը չվերադարձավ։
Արտերկրում Սիրադեղյանի մահանալու մասին հայտնի դարձավ 2021 թվականի հոկտեմբերի 15-ին։ Նրա աճյունը ամփոփվեց հայրենի Կոթի գյուղում։
Radar Armenia-ն ներկայացնում է նաև մեջբերումներ Սիրադեղյանի գրական ու հրապարակախոսական երկերից։
Չենք ստեղծագործում, եզի նման ջլատվում ենք, ուզում ենք տեսնենք՝ պարտդաի՞ր է, որ մարդ գրելիս սուտը ասի, իմանանք, տեսնենք՝ դա գերլո՞ւց է, ապուշությունի՞ց, դվժա՞ր կյանքից, թե՞ հեշտ կյանքից, սովորական գրչակ լինելո՞ւց, թե տոհմանական տականք ծնվելուց.. Հետո ինչ, որ իմացածս ինձ պետք չի գալու. անդրշիրիմի սպասավորներն ինձ չեն քննելու, իրենց չիմացած բաներն ինձնից չեն սովորելու, բայց ես պիտի իմացած գնամ: Ինձ համար այսպես իմանամ ու գնամ։
***
Քո կծուլեզու ներկայությունը նրանց հանգիստը թունավորում է, որովհետև ամեն մեկը հացի հարց ունի, որ լուծում է կակազելով, գիրկապ անելով, նաև համրությամբ՝ ամեն օր ու ամեն ժամ, բայց առավել անտանելին քո հեգնաժպիտ ներկայությունն է, նույնն է թե՝ առանձնությունդ: Իրենք՝ նախիրով, իրենք ոհմակով լինելով՝ էլի անապահով են, դու, ախր, դու էդ ինչի՞ տեր ես, որ ինքդ քեզ այդքան հերիք ես։
***
Բախտավորություն է սավառնելու զգացողություն ճանաչելը, բայց սավառնողին, ախր, խփում են: Եվ ճիշտ են անում: Համենայնդեպս, ներքևիններին ես հասկանում եմ: Եթե ցածում ես, այդ տեսիլքից կամ լեզուդ պիտի կապ ընկնի, կամ լեղիդ պայթի, կամ պիտի խփես։
radar armenia


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է