Nvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJ
Ամերիկյան Nvidia տեխնոլոգիական ընկերության տնօրենների խորհուրդը նոյեմբերի 18-ին նախատեսված նիստում կքննարկի ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգի շուրջ ծագած սկանդալը և ներքին հետաքննության արդյունքները։ Այս մասին, հղում անելով իրազեկ աղբյուրներին, հայտնում է The Wall Street Journal-ը (WSJ)։
Պարբերականի տեղեկություններով՝ հետաքննությունը վերաբերում է Հուանգի ենթադրյալ արտամուսնական կապերին, այդ թվում՝ Չինաստանի հետախուզական ծառայությունների հետ հնարավոր առնչություն ունեցող կնոջ և ընկերության աշխատակցի հետ։
Սկանդալի կենտրոնում Սինգապուրում գործող Megaspeed ընկերության ղեկավար Ալիս Հ.-ն է։ ԱՄՆ հետախուզական ծառայությունների գնահատմամբ՝ վերջինս կարող է կապ ունենալ Չինաստանի պետական անվտանգության նախարարության հետ։ Megaspeed-ը տվյալների կենտրոնների կառավարման ոլորտում գործող ընկերություն է և Nvidia-ի չիպերի գնորդներից մեկը։
WSJ-ի հաղորդմամբ՝ Հուանգը, բացի Ալիս Հ.-ի հետ ենթադրյալ կապից, հարաբերություններ է ունեցել նաև Nvidia-ի առողջապահական արտադրանքի բաժնի ղեկավար Քիմբերլի Պ.-ի հետ։ Երկրորդ ենթադրյալ կապի մասին ավելի վաղ գրել էր նաև The New York Times-ը։
Nvidia-ն ներքին հետաքննություն է սկսել
Nvidia-ն նոյեմբերի 8-ին հայտարարել է ներքին հետաքննություն սկսելու մասին։ Ընկերության նախնական դիրքորոշմամբ՝ այս պահին հիմքեր չկան ենթադրելու, որ տեղի է ունեցել գաղտնի տեղեկատվության արտահոսք կամ վտանգ է առաջացել ԱՄՆ ազգային անվտանգության համար։
Միաժամանակ ընկերությունը հայտնել է, որ Ջենսեն Հուանգը մտադիր է շարունակել ղեկավարել Nvidia-ն։
Հուանգի հնարավոր պաշտոնանկության մասին տեղեկությունների ֆոնին ընկերության բաժնետոմսերը, ըստ հրապարակման, արտաբորսայական առևտրում նվազել են շուրջ 8 տոկոսով։
Հուանգի հնարավոր հեռացումը կարող է նշանակալից փոփոխություն լինել տեխնոլոգիական ոլորտում
63-ամյա Ջենսեն Հուանգը Nvidia-ի համահիմնադիրն ու գլխավոր գործադիր տնօրենն է։ Նա ընկերության բաժնետոմսերի շուրջ 3.6 տոկոսի սեփականատերն է և համարվում է աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը։
Նրա ղեկավարությամբ Nvidia-ն դարձել է արհեստական բանականության համաշխարհային բումի առանցքային ընկերություններից մեկը՝ վերածվելով տեխնոլոգիական և աշխարհաքաղաքական մրցակցության կարևոր դերակատարի։
Nvidia-ի արտադրած գրաֆիկական պրոցեսորներն օգտագործվում են արհեստական բանականության մոդելների ուսուցման և գործարկման, գերհամակարգիչների ստեղծման, ամպային ենթակառուցվածքների և մեծածավալ տվյալների մշակման համար։
Ընկերությունը ռազմավարական նշանակություն ունի նաև ԱՄՆ-Չինաստան տեխնոլոգիական մրցակցության համատեքստում։ Վաշինգտոնը Չինաստանի հասանելիությունը առաջադեմ ամերիկյան չիպերին դիտարկում է որպես ազգային անվտանգության խնդիր և սահմանափակումներ է կիրառել դրանց արտահանման նկատմամբ։
armradio.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ