Վանաձորում և Իջևանում ՈՒԵՖԱ-ի չափանիշներին համապատասխան ֆուտբոլային մարզադաշտեր կհիմնվեն
Վանաձորում և Իջևանում ՈՒԵՖԱ-ի չափանիշներին համապատասխան ֆուտբոլային մարզադաշտեր կհիմնվեն՝ նախատեսված ավելի քան 10 հազար հանդիսատեսի համար։ Որոշումն ընդունվել է Կառավարության այսօրվա նիստում։ Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ նախագիծը մշակվել է տարբեր գերատեսչությունների ակտիվ ներգրավմամբ և համատեղ աշխատանքի արդյունքում։
Որոշմամբ նախատեսվում է անհետաձգելի համարել Վանաձորում ՈՒԵՖԱ-ի չափանիշներին համապատասխան ֆուտբոլային մարզադաշտի կառուցման/վերակառուցման և Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրի վարչական տարածքում ՈՒԵՖԱ-ի չափանիշներին համապատասխան ֆուտբոլային մարզադաշտի կառուցման աշխատանքների գնման պահանջը։ Գնումների գործընթացը նախատեսվում է կազմակերպել «Հրատապ մեկ անձից» գնման ընթացակարգով։ Սահմանվում են նաև գնման գործընթացների կազմակերպման, ինչպես նաև ճարտարապետաշինարարական նախագծերի քաղաքաշինական փորձաքննության մի շարք առանձնահատկություններ։
«Որոշման ընդունումը պայմանավորված է 2029 թվականին Հայաստանում և Վրաստանում համատեղ անցկացվելիք ՖԻՖԱ-ի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությամբ, որին կմասնակցի 24 թիմ։ Նախատեսվում է անցկացնել 52 հանդիպում, որոնց կեսը՝ Հայաստանում։ Ըստ նախնական ծրագրի՝ Հայաստանում անցկացվելիք հանդիպումները նախատեսվում է կազմակերպել Երևանում, Իջևանում և Վանաձորում։ Առաջնության պատշաճ կազմակերպման համար անհրաժեշտ է ունենալ ՈՒԵՖԱ-ի չորրորդ կատեգորիայի՝ առնվազն 10 հազար հանդիսատեսի համար նախատեսված մարզադաշտեր»,- նշել է նախարարը՝ տեղեկացնելով, որ Կառավարությունն արդեն ընդունել է մարզադաշտերի նախագծմանն առնչվող համապատասխան որոշումները։
Ըստ նախարարի՝ գնման պահանջն անհետաձգելի համարելը պայմանավորված է նաև սահմանված ժամկետներով․ առաջնությունը անցկացվելու է 2029 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, իսկ միջազգային պահանջների համաձայն՝ մարզադաշտերը պետք է պատրաստ լինեն առնվազն վեց ամիս առաջ։
Նշվել է, որ նախագծային փաստաթղթերի փորձաքննությունը, վերջնական հաստատումն ու դրան հաջորդող բուն կառուցման և վերակառուցման աշխատանքները ժամանակատար են, ուստի անհրաժեշտություն է առաջացել գնման պահանջը հրատապ համարել և կիրառել մեկ անձից գնման ընթացակարգ։
Բանակցություններ են իրականացվել մարզադաշտերի նախագծման աշխատանքներն իրականացնող «Վենյուերա Հոլդինգ» ՍՊԸ-ի հետ, որն ունի նմանատիպ մարզադաշտերի նախագծման միջազգային փորձ․ շինարարական աշխատանքները կիրականացվեն 24 ամսվա ընթացքում, մարզադաշտերը պատրաստ կլինեն 2028 թվականի վերջին։
Վանաձորում նախատեսվում է գործող մարզադաշտի վերակառուցում, իսկ Իջևանում՝ նոր մարզադաշտի կառուցում։
Ժաննա Անդրեասյանը նաև տեղեկացրել է, որ այս գործընթացում ՈՒԵՖԱ-ն Հայաստանին մասնագիտական խորհրդատվություն է տրամադրում։
Նախարարի խոսքով՝ ծրագրի հնարավոր ռիսկերը կառավարելու և տարբեր իրավիճակների համար համապատասխան լուծումներ նախատեսելու նպատակով իրականացվել են մանրամասն քննարկումներ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է՝ Հայաստանում ի վերջո ստեղծվում են ֆուտբոլի զարգացման ինստիտուցիոնալ հիմքեր, և ֆուտբոլը Հայաստանում դառնում է տնտեսության ճյուղ։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արջի հարձակման հետևանքով կինը տեղում մահացել է
Լուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվել
Սուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի...
Մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել Փարիզի «World challenge cup»-ում
Կոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ
Ռուսաստանը 20 մլն դոլարի պարգև է նշանակել Ուկրաինայի ԶՈՒ անօդաչու համակարգերի հրամանատար «Մադյարին» ...
Ես ուրախ եմ այստեղ գտնվելու համար
Հրշեջ-փրկարարները մարել են Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
Կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու բոլոր փուլերը՝ քաղաքացու տեսանկյունից