Արամ Աթեշյանը հրաժարվում է կատարել Էջմիածնում տված խոստումները
Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի պաշտոնում ընտրված Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը և ընտրություններում պարտված, սակայն Պոլսի Հայոց պատրիարքի տեղապահի պաշտոնում մնացող Արամ Աթեշյանը հանդիպել են Ստամբուլում, ինչի մասին հայտնում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօսը»:
Հիշեցնենք, որ փետրվարին Էջմիածնում կայացված որոշման համաձայն՝ մարտի 15-ին Ստամբուլում տեղի ունեցավ Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրություն: Ընտրությունից հետո, որում համոզիչ հաղթանակ էր տարել Արամ Աթեշյանի հակառակորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը, անակնկալ կերպով միջամտել էր Ստամբուլի նահանգապետարանը: Ստամբուլի նահանգապետի տեղակալը նախքան պատրիարքարանում ընտրությունների սկսվելը ուղարկել էր գրություն, որն իրավաբանորեն անհնար է համարում պատրիարքական ընտրությունների գործընթացի մեկնարկը: Այս գրությունը Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրություններից անմիջապես հետո պատրիարքարանի հոգևորականներին է ներկայացրել տեղապահի ընտրություններում պարտված փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և հայտարարել, որ չի հեռանա տեղապահի պաշտոնից:
Բեկչյանը նախօրեին ժամանել է Ստամբուլ: Նույն օրը Աթեշյանի անմիջական հանձնարարությամբ պատրիարքարանի աշխատակիցների կողմից սկզբում փակվել են եկեղեցու դռները ժողովրդի առաջ, մինչդեռ ժողովուրդը շարունակել է սպասել դռների մոտ, որոնք բացվել են արդեն եկեղեցական խորհրդի նախագահ, եպիսկոպոս Սահակ Մաշալյանի ժամանելուն պես, որն էլ ուղեկցել է ընտրված տեղապահ Բեկչյանին:
Ավելի ուշ կայացած հանդիպման ընթացքում Արամ Աթեշյանը հրաժարվել է ընդունել արքեպիսկոպոս Բեկչյանին` որպես Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ: Հայտնի է նաև, որ հրավիրված ժողովի ընթացքում Աթեշյանը երկու անգամ լքել է ժողովի սենյակը:
«Հանդիպման ընթացքում ես հիշեցրեցի Արամ Աթեշյանին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին տված իր խոստումները, ըստ որի մարտի 15-ից նրա լիազորությունները պետք է դադարեցվեին: Վեհափառի առաջ խոսվել էր, որ այդ հարցը պետք է փակվի և ոչ ոք չէր առարկել: Երբ հիշեցրեցի դա Աթեշյանին` որևէ պատասխան չտվեց», - լրագրողներին պատմել է Բեկչյանը:
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել պատրիարքարանի կողմից պաշտոնական նամակ կազմել, որն էլ կուղղվի Էջմիածին:
Հիշեցնենք, որ Պոլսո պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը կոմայի մեջ է գտնվում 2008թ.-ից և փաստացի չի կարող կատարել պատրիարքի իր լիազորությունները։ Նրա փոխարեն այդ լիազորությունները կատարում էր Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, որն ընտրված է ոչ թե համայնքի, այլ պետության կողմից:
Ստամբուլի հայ համայնքի ներկայացուցիչները տևական ժամանակ է՝ պահանջում էին կայացնել նոր ընտրությունների անցկացման որոշում՝ ցանկանալով իրենց առաջնորդի դերում տեսնել ոչ թե պետության կողմից նշանակված, այլ իրենց ձայների արդյունքում ընտրված անձի:


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում