Համազգային թատրոնի դերասանները շարունակում են գործադուլը
Համազգային թատրոնի ստեղծագործական կազմը շարունակում է դեկտեմբերի 1-ից հայտարարած անժամկետ գործադուլը` պահանջելով թատրոնի տնօրեն Վիգեն Չալդրանյանի հրաժարականը:
«Արմենպրես»-ի թղթակիցը թատրոնի դերասաններ Տաթև Ղազարյանից և Գագիկ Մադոյանից հետաքրքրվեց, թե գործադուլի մեկնարկից մինչ օրս դեպքերի ի՞նչ զարգացում է տեղի ունեցել, արդյոք ստեղծագործական կազմը հանդիպե՞լ է նորանշանակ գեղարվեստական ղեկավար Սուրեն Շահվերդյանի հետ, եղե՞լ են քննարկումներ:
«Իրականում ոչ մի սարսափելի բան չի եղել: Կա մի թատրոն, որն ունի առողջ կոլեկտիվ, որում կան երիտասարդ և կարող ուժեր: Ինչո՞ւ չօգտվել այդ ուժերից և թատրոն բերել այլ մարդկանց»,-ասաց Ղազարյանը:
Անդրադառնալով թատրոնի ներկայիս տնօրեն Վիգեն Չալդրանյանի նշանակած գեղարվեստական ղեկավար Սուրեն Շահվերդյանին՝ նա նշեց, որ թատրոնի ստեղծագործական կազմը շատ լավ է վերաբերվել Սուրենին, նրա ներկայացումներին, անգամ ցանկություն են ունեցել, որ վերջինս Համազգային թատրոնում բեմադրություններ անի:
«Նորից եմ կրկնում՝ ինչո՞ւ թաքուն նշանակել Շահվերդյանին, եթե մենք թատրոնում ունենք մեր գանձը, ինչո՞ւ դիմենք այլ ուժերի: Ասես թողնես մորդ և ուրիշին խնդրես, որ քեզ մայրություն անի: Ինչ վերաբերում է Վիգեն Չալդրանյանին՝ այնպես չէ, որ որպես մարդու նրա հանդեպ վատ ենք տրամադրված: Մեր անձնական հարաբերությունները լավ էին, երբ ինչ-որ հարցով դիմել ենք նրան, երբեք չի մերժել, հնարավորինն արել է: Մենք նրան շնորհակալ ենք եղել և այսօր էլ շնորհակալ ենք, բայց որպես թատրոնի մարդ, որպես գեղավեստական ղեկավար, տնօրեն, պետք է հասկանալ, որ ժամանակն է տեղը զիջել երիտասարդներին»,-ընդգծեց Ղազարյանը:
Նա շեշտեց, որ շարունակելու են պահանջել, որ Վիգեն Չալդրանյանը հեռանա Համազգային թատրոնի տնօրենի պաշտոնից, իսկ նորանշանակ գեղարվեստական ղեկավար Սուրեն Շահվերդյանի հետ չեն ցանկանում համագործակցել:
Գագիկ Մադոյանն էլ իր հերթին հաստատեց, որ գործադուլը շարունակվում է: «Մենք սպասում ենք ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի վերջնական որոշմանը: Ընտրությունների պատճառով հարցի լուծումը մի քիչ ձգձգվեց, բայց կարծում եմ, որ շուտով կհանդիպենք նրա հետ, և խելամիտ որոշում կլինի»,-հույս հայտնեց դերասանը և ընդգծեց, որ այսպես շարունակվել չի կարող:
Խոսելով Սուրեն Շահվերդյանի հետ հնարավոր համագործակցության մասին` նա ասաց, որ իրենց օրակարգում նման խնդիր չի քննարկվում: «Շահվերդյանի նշանակումը օրենքով է, բայց մարդկային օրենքով նա չպետք է գար: Երկու օր առաջ զրուցել ենք նրա հետ` փորձելով հասկանալ իրավիճակը, բայց սայլը տեղից չի շարժվում: Սակայն Շահվերդյանն ասում է, որ ինքը նպատակ չունի մնալ, կգնա: Հետո այլ բան է ասում: Մենք մեր պահանջը ներկայացրել ենք, և պահանջը կապված է Վիգեն Չալդրանյանի ոչ թե անձի կամ բեմադրությունների, այլ ղեկավարման հետ: Թատրոնը գնում է հատակ, չի կարողանում զարգացում ապրել»,-վստահեցրեց Մադոյանը և հավելեց, որ անձամբ ինքը 18 տարի աշխատում է Համազգայինում, և այն անընդհատ տատանումներ է ունեցել, նաև վերելքներ: Ինքը սովոր է վերելքներին, բայց վերջին երկու տարում թատրոնը դեպի կործանում է գնում:
Խոսելով թատրոնի հնարավոր լուծարման մասին՝ Մադոյանը շեշտեց, որ դրա մասին խոսք անգամ լինել չի կարող:
Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի 18 դերասանից բաղկացած ստեղծագործական կազմը դեկտեմբերի 1-ից անժամկետ գործադուլ է հայտարարել` պահանջելով թատրոնի տնօրեն Վիգեն Չալդրանյանի հրաժարականը: Նրանք տնօրենի պաշտոնում ցանկանում են տեսնել դերասան Արման Նավասարդյանին, իսկ թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում` դերասանուհի և բեմադրիչ Նարինե Գրիգորյանին: Դերասանները և Վիգեն Չալդրանյանը հանդիպել են ՀՀ մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանի հետ` փորձելով ընդհանուր հայտարարի գալ, սակայն հարցը լուծում չի ստացել: Չալդրանյանը հրաժարվել է թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից` որոշելով շարունակել իրականացնել տնօրենի պարտականությունները: Հանդիպումից հետո Չալդրանյանը Համազգայինի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում է նշանակել Սուրեն Շահվերդյանին:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում