Քիր Սթարմերը հրաժարական չի տա և «կպայքարի», եթե առողջապահության նախարար Ուես Սթրիթինգը որոշի մարտահրավեր նետել իրեն
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը վստահեցրել է իր կողմնակիցներին կառավարությունում և խորհրդարանում, որ պատրաստ է հետ մղել իրեն հեռացնելու ցանկացած փորձ, հաղորդում է Financial Times (FT)-ը։ Ըստ FT-ի, մայիսի 13-ին Սթարմերը հանդիպել է կաբինետի անդամների և իշխող Լեյբորիստական կուսակցության պատգամավորների հետ, որոնք աջակցում են իրեն Համայնքների պալատում (ստորին պալատ) և նրանց ասել, որ հրաժարական չի տա և «կպայքարի», եթե առողջապահության նախարար Ուես Սթրիթինգը որոշի մարտահրավեր նետել իրեն։
Ավելի վաղ The Times-ը հայտնել էր, որ Սթրիթինգը որոշել է հրաժարական տալ և սկսել Լեյբորիստական կուսակցության ղեկավար Սթարմներին փոխարինելու գործընթացը։ Ակնկալվում է, որ նա այդ մասին կհայտարարի մայիսի 14-ին։ Բրիտանական լրատվամիջոցները մի քանի ամիս շարունակ հաղորդում են, որ Սթրիթինգը ծրագրեր է մշակում Սթարմերին հեռացնելու համար։
Մեծ Բրիտանիայում քաղաքական ճգնաժամը սկսվել է մայիսի 7-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո։ Ընտրություններից հետո Լեյբորիստական կուսակցությունն առաջին անգամ կորցրեց Ուելսի խորհրդարանում իր դիրքը։ Լեյբորիստական կուսակցությունն Անգլիայի տարբեր օրենսդիր մարմիններում նախորդ ընտրությունների համեմատ 1400-ով պակաս տեղ ստացավ։ Սթարմերը ստանձնեց ընտրություններում պարտության պատասխանատվությունը, բայց հրաժարվեց հրաժարական տալ Լեյբորիստական կուսակցության առաջնորդի և վարչապետի պաշտոնից։
Համայնքների պալատի (խորհրդարանի ստորին պալատ) Լեյբորիստական կուսակցության շուրջ 90 պատգամավորներ կոչ են արել Սթարմերին հրաժարական տալ։ Վարչապետից դժգոհ Լեյբորիստական կուսակցության պատգամավորները կարծում են, որ Սթարմերի Դաունինգ սթրիթում շարունակական պաշտոնավարումը կվատթարացնի կուսակցության դիրքերը հաջորդ ընտրություններում, որոնք նախատեսված են 2029 թվականի օգոստոսին։ Երեքշաբթի օրը չորս փոխնախարար հրաժարական է տվել՝ ի նշան Սթարմերի դեմ բողոքի։
Սթարմերը, որը Լեյբորիստական կուսակցությանը հաղթանակի է հասցրել 2024 թվականի համընդհանուր ընտրություններում, շարունակում է պաշտոնավարել, քանի որ Լեյբորիստական կուսակցության ղեկավարության փոփոխության պաշտոնական գործընթացը դեռևս չի էլ սկսվել։
Դրա համար անհրաժեշտ է, որ Համայնքների պալատի Լեյբորիստական կուսակցության պատգամավորը, որը կուսակցության անդամների 20%-ի (ներկայումս 81 պատգամավոր) աջակցությունն ունի, գրավոր դիմում ներկայացնի կուսակցության գլխավոր քարտուղարին։ Այնուհետև կուսակցության անդամները պետք է քվեարկեն իրենց նախընտրած թեկնածուի օգտին։ Եթե իշխող կուսակցության նոր առաջնորդ ընտրվի, այդ անձը ավտոմատ կերպով կդառնա կառավարության ղեկավար՝ առանց համընդհանուր ընտրությունների անհրաժեշտության։
Նշվում է նաև, որ Սթարմերը դեռևս վայելում է օրենսդիրների զգալի թվի աջակցությունը։ Մայիսի 12-ին Համայնքների պալատի Լեյբորիստական կուսակցության ավելի քան 100 պատգամավորներ ստորագրել են վարչապետին աջակցող հայտարարություն։ Նրանք կարծում են, որ կուսակցության ներսում «քաղաքացիական պատերազմը» կխաթարի հանրության վստահությունը Լեյբորիստական կառավարության նկատմամբ։ Ընդհանուր առմամբ, 650 տեղանոց Համայնքների պալատում Լեյբորիստական խմբակցությունն ունի 403 անդամ։


















































Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
65+ տարիքային սահմանափակումը վերացվեց, մեր հազարավոր քաղաքացիներ կկարողանան շարունակել իրենց աշխատան...
Երևանում և Արմավիրի մարզում լցակայանների և ավտոտեխսպասարկման կետի գործունեություն է դադարեցվել
«Զովետի» ՍՊ-ում հայտնաբերվել է վտանգավոր կաթնամթերք, արտադրությունը կասեցվել է
ՀՌՀ-ն և ԵԽ-ն համատեղ աշխատաժողով անցկացրեցին տեսալսողական մեդիածառայություն մատուցողների համար
Հայաստանում այսօրվանից մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը
Համբերատար սպասում եմ, մինչեւ ԵՄ-ն կատարի պատմական առեւտրային համաձայնագրով նախատեսված իր մասը
Տավուշի մարզում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններ
Արարատ Միրզոյանը «Երևանյան երկխոսությունում» երիտասարդների հետ քննարկել է Հայաստանի արտաքին քաղաքակա...
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում