Ընտրակաշառքի կասկածի դեպքում գաղտնալսման և բնակարանների ներքին դիտման իրավունք
Իրավապահ կառույցները մարտի վերջից պարբերաբար ներկայացնում են քննությամբ և փաստական տվյալներով ձեռք բերված ապացույցներ կաշառքի և ընտրական շրջանում բարեգործության արգելքի խախտման դեպքերի վերաբերյալ։ Ապացույցները ներկայացվում են գաղտնի ձայնագրությունների միջոցով։ 2021 թվականին փոփոխված Քրեական օրենսգիրքը նոր կարգավորումներ է նախատեսել ընտրական տարբեր խախտումների համար, որոնց մանրամասներից քաղաքացիները հաճախ տեղյակ չեն ու չգիտեն, որ ընտրակաշառք վերցնելը նույնպես քրեական հանցագործություն է, որը պատժվում է ազատազրկմամբ։ Շատերը չգիտեն նաև, որ ընտրակաշառքի կասկածի դեպքում իրավապահ մարմինները կարող են ոչ միայն գաղտնալսում, այլ նաև բնակարանների ներքին դիտում անցկացնել։
Մեկ տասնյակի հասնող գաղտնի ձայնագրություններ Արմավիրի, Շիրակի, Սյունիքի, Արարատի մարզերից և Երևանից հրապարակել է միայն Հակակոռուպցիոն կոմիտեն՝ ներկայացնելով փաստական տվյալներ կաշառքի և ընտրական շրջանում բարեգործության արգելքի խախտման դեպքերի վերաբերյալ։ Դրանցից վերջինը հրապարակվել է մայիսի 13–ին։ Ներկայացնում ենք հատված Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած գաղտնի ձայնագրությունից։
Տարբեր դրվագներով ձերբակալվածների թիվն այս պահին ամփոփված չէ, բայց իրավապահ համակարգը՝ հանձին գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի, զգուշացրել է, որ առաջիկա ընտրություններում փորձ է արվելու բացառելու ընտրակաշառքի գործոնը․
«Բոլոր այն փաստաբաններին, որոնք կխոստանան, որ նույնիսկ դատապարտման դեպքում գուցե պայմանական դատապարտում լինի, զգուշացնում եմ, որ մեր քաղաքացիները չհավատան։ Որովհետև Վճռաբեկ դատարանը բոլորովին վերջերս նմանատիպ կաշառքի մի գործով, բավարարելով գլխավոր դատախազի բողոքն, արձանագրել է, որ նմանատիպ գործերով պայմանական դատապարտում չի կիրառվում։ Վճռաբեկ դատարանը շատ հազվադեպ է անդրադառնում պատժի վերաբերյալ հարցերին, բայց սա հանրային վտանգավորություն ունեցող այն արարքն է, որին Վճռաբեկ դատարանը հարկ է համարել անդրադառնալ։ Կարելի է արձանագրել հստակ, որ ցանկացած փորձ` խեղաթյուրելու մարդու ազատ կամարտահայտությունը հանդիպելու է իրավական կոշտ հակազդեցության, այդ թվում` ռեալ ազատազրկման ձևով»։
Եթե նախկինում Քրեական օրենսգիրքը պատասխանատվություն էր սահմանում կաշառք տվողի և առաջարկողի համար, ապա 2021 թվականից սահմանված կարգավորումներով՝ պատասխանատու են թե՛ կաշառք տվողը, թե՛ վերցնողը և անգամ միջնորդը։ Բավական բարձր պատժաչափ է սահմանված բոլորի համար՝ ասում է նախկին պատգամավոր, «Հանուն հավասար իրավունքների» կենտրոնի ղեկավար Գայանե Աբրահամյանը․
«Քրեական հանցագործության գիտակցումը ընդհանրապես չկա, հատկապես, երբ մարդիկ ավելի հակված են, կարծես թե, ներգրավվելու այս հանցագործության մեջ որպես ընտրակաշառք վերցնող։ Միշտ եղել է ընտրակաշառքը քրեական հանցագործության տեսակ տալու դեպքում, բայց հիմա Քրեական օրենսգրքի 218 և 219–ը հոդվածներով ոչ միայն ընտրակաշառք տալը, խոստանալը, առաջարկելն է քրեական հանցագործություն և պատժվում է մինչև 8 տարի ազատազրկմամբ, այլ նաև ընտրակաշառք վերցնելը, ստանալն է քրեական հանցագործություն և պատժվում է մինչև 7 տարի ազատազրկմամբ։ Ավելին ասեմ․ անգամ միջնորդություն անելն է քրեական հանցագործություն և պատժվում է մինչև 5 տարի ազատազրկմամբ։ Ընդ որում այդ ընտրակաշառքը միայն զուտ գումար առաջարկելը չէ, այդտեղ կարող են մտնել խոստումներ` պաշտոնի խոստում աշխատանքի վերաբերյալ, խոստում ինչ֊–ր գույք տալու կամ ինչ–որ գործընթացում առավելություն»։
Աբրահամյանը հարկ է համարում նաև զգուշացնելու, որ ընտրակաշառքի կասկածի դեպքում իրավապահ մարմինները կարող են ստանալ իրավունք ոչ միայն գաղտնալսման, այլ նաև բնակարանների ներքին դիտման համար։
Ի դեպ, մամուլում շրջանառվում է տեղեկություն, թե ընտրակաշառքի գործի հետ կապ ունեն գործող որոշ համայնքապետեր։ Մամուլում շրջանառվել են Սիսիան խոշորացված համայնքի Աշոտավան, Սառնակունք և Շաղատ վարչական շրջանների ղեկավարների անունները։ Թեև այս գործով նրանք խուսափում են պարզաբանումներից, բայց մամուլում հրապարակված նյութերի համաձայն՝ հաստատել են, որ կանչվել են Հակակոռուպցիոն կոմիտե, ունեն վկայի կարգավիճակ։
Ըստ Ընտրական օրենսգրքի՝ եթե նախընտրական քարոզչության կամ քվեարկության ժամանակ տեղի են ունեցել խախտումներ, այդ թվում՝ ընտրակաշառքի դեպքեր, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա, ապա դրանք կարող են անվավեր ճանաչվել:
Ընտրակաշառքի փաստը հաստատում են իրավապահ մարմինները, օրինակ՝ Հակակոռուպցիոն կոմիտեն՝ ձայնագրությունների, փաստաթղթերի և վկայությունների միջոցով: Լուծումները տարբեր են՝ քաղաքական ուժի գրանցումն անվավեր ճանաչելուց մինչև ընտրությունների արդյունքների չեղարկում։ ԸՕ–ում այս դեպքերի համար սահմանված են տարբեր ընթացակարգեր և լուծումներ՝ կախված դեպքերի քանակից և ժամկետից։
Մեկ այլ ընտրախախտման մասին ահազանգում է «Ականատես» դիտորդական առաքելությունը։ Խոսքն այս դեպքում քարոզարշավի մեջ անչափահասների ներգրավման դեպքերի մասին է։
Թերևս այս փաստերը հաշվի առնելով՝ քարոզարշավի 6–րդ օրը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քաղաքական միավորներին հիշեցնում և հորդորում է քարոզչությունն անցկացնել բացառապես օրենքի շրջանակում։


















































Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
65+ տարիքային սահմանափակումը վերացվեց, մեր հազարավոր քաղաքացիներ կկարողանան շարունակել իրենց աշխատան...
Երևանում և Արմավիրի մարզում լցակայանների և ավտոտեխսպասարկման կետի գործունեություն է դադարեցվել
«Զովետի» ՍՊ-ում հայտնաբերվել է վտանգավոր կաթնամթերք, արտադրությունը կասեցվել է
ՀՌՀ-ն և ԵԽ-ն համատեղ աշխատաժողով անցկացրեցին տեսալսողական մեդիածառայություն մատուցողների համար
Հայաստանում այսօրվանից մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը
Համբերատար սպասում եմ, մինչեւ ԵՄ-ն կատարի պատմական առեւտրային համաձայնագրով նախատեսված իր մասը
Տավուշի մարզում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
Արարատ Միրզոյանը «Երևանյան երկխոսությունում» երիտասարդների հետ քննարկել է Հայաստանի արտաքին քաղաքակա...