Բելգիայի Թագավորությունը շուտով հյուպատոսական ծառայություն կբացի Երևանում
Բելգիայի Թագավորությունը շուտով հյուպատոսական ծառայություն կբացի Երևանում իր դեսպանատանը։
Նախաձեռնությունը բխում է Բելգիայի Դաշնային խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի ընդունած բանաձևից, որով առաջարկվել էր ուժեղացնել Բելգիայի ներկայությունը Հայաստանում՝ հաշվի առնելով ինչպես մարդկանց, այնպես էլ երկու հասարակությունների միջև կապերի աճող կարևորությունը։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ներկայացուցիչների պալատի պատգամավոր Միշել դը Մագդը հյուպատոսական ծառայությունների մոտալուտ բացումը հիանալի նորություն է որակել:
«Սա մի պայքար է, որը ես վարել եմ վերջին ամիսներին՝ դեսպանության բացմանը հասնելուց հետո։ Այս հարցը առաջնահերթ նշանակություն ուներ հայերի համար, որովհետև նրանք տեսնում են, որ Բելգիան երկարաժամկետ ներգրավվածություն է ցուցաբերում։ Սա կարևոր է նաև Բելգիայում ապրող հայկական սփյուռքի համար, որը խորապես կապված է իր հայրենիքի հետ։ Այս ներկայությունը ամրապնդում է մարդկային, ընտանեկան, տնտեսական և մշակութային կապերը երկու երկրների միջև։ Եվ, իհարկե, սա կարևոր է Հայաստանում գտնվող մեր քաղաքացիների համար, որոնք կունենան արդյունավետ աջակցություն՝ հասանելի ներկայություն մի պետության, որը դժվար պահին նրանց մենակ չի թողնում։
Սա կարևոր է նաև մեր երկկողմ հարաբերությունների տեսանկյունից։ Հայաստանը իր պատմության հանգուցային փուլում է՝ տարածաշրջանային խորը փոփոխությունների պայմաններում։ Այն ընտրել է Եվրոպային ավելի մոտենալու ուղին։ Բելգիան պետք է պատրաստ լինի այդ ընթացքին քաղաքականապես, տնտեսապես և մարդկայնորեն», - ասել է Միշել դը Մագդը և հավելել, որ Հարավային Կովկասում կայուն խաղաղությունը հեռվից չի թելադրվում, այն կառուցվում է ներկայությամբ, երկխոսությամբ և հանձնառությամբ։
Նրա խոսքով՝ տեղում լինելը նշանակում է ավելի լավ հասկանալ, ավելի ճիշտ գործել և ավելի արդյունավետ աջակցել։ Բելգիացի քաղաքական գործիչը շնորհակալություն է հայտնել Բելգիայի արտաքին գործերի նախարար Մաքսիմ Պղևոյին այս հարցում ցուցաբերած ուշադրության և նախաձեռնողականության համար։
Բելգիայում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանի խոսքով՝ այս որոշումը կարևոր ձեռքբերում է, որին հնարավոր է եղել հասնել Բելգիայի խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի հետ հետևողական աշխատանքի շնորհիվ։
«Հայաստանում Բելգիայի դեսպանությունում հյուպատոսական բաժնի բացման կարևորության դրույթն ամրագրվել է դեռևս նախորդ տարի Բելգիայի խորհրդարանի կողմից միաձայն ընդունված բանաձևում։ Այս կարևոր քայլը առանձնահատուկ նշանակություն ունի նաև վիզաների ազատականացման գործընթացի համատեքստում։ Մինչ դրա ավարտը ՀՀ քաղաքացիները հնարավորություն կունենան բելգիական և, միգուցե, Բենիլյուքսի այլ երկրների համար մուտքի արտոնագիր հայցել Բելգիայի դեսպանության միջոցով։ Մեր երախտագիտությունն ենք հայտնում Բելգիայի խորհրդարանի անդամներին, արտաքին գործերի նախարար Մաքսիմ Պղևոյին և ԱԳՆ գործընկերներին այս կարևոր որոշման համար», - Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել է դեսպան Տիգրան Բալայանը:
Այս որոշումը կարևոր ազդակ է համարվում Բելգիա–Հայաստան հարաբերությունների խորացման տեսանկյունից։ Բելգիայի ներկայության ուժեղացումը Երևանում հնարավորություն կտա ավելի արդյունավետ զարգացնել քաղաքական երկխոսությունը, խթանել համագործակցությունը տարբեր ոլորտներում և կայուն հիմքեր ստեղծել երկկողմ կապերի համար։


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում