ՀԽ-ն չի ողջունել դատարանները շրջափակելու վարչապետի ապօրինի քայլը, Ստամբուլյան կոնվենցիան, դրա համար էլ իրենց վատ են զգում
Վերին իշխանական շրջանակներում Հանրային խորհրդի մասին հնչող հայտարարությունների պատճառն այն է, որ շատ հարցերի շուրջ կառույցն իշխանահաճո տեսակետներ չի հայտնում։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հանրային խորհրդի անդամ Արծրուն Պեպանյանը՝ անդրադառնալով նախօրեին ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի այն հայտարարությանը, թե ՀԽ-ն «անիմաստ կառույց է»։
Նա Ալեն Սիմոնյանին խորհուրդ է տալիս հարցում անել և պարզել, թե ապրիլից այս կողմ Հանրային խորհուրդն ինչ գործունեություն է ծավալել։
«Ինքս Հանրային խորհրդի անդամ եմ, շատ նիստերի եմ մասնակցել, տեղյակ եմ, թե կառույցի հանձնաժողովներն ինչեր են անում, ինչքան շատ հարցեր են քննարկել, որոնք պետք է աներ կառավարությունը, բայց չի անում։ Հանրային խորհուրդը խորհրդատվական կառույց է, այն շենքեր չի կառուցում, ջրագծեր չի անցկացնում, ցույցեր չի անում։ Այն քննարկում է ժողովրդին հուզող հարցերը, կազմակերպում է քննարկումներ, որոնց արդյունքում եզրակացություն է կազմում՝ դրանք տալով կառավարությանը։ Իսկ կառավարությունն այն կա՛մ ընդունում է, կա՛մ չի ընդունում։ Սա է Հանրային խորհրդի գործունեությունը։ Ալեն Սիմոնյանը կարող է դիմել խորհրդի աշխատակազմ, և նրան մոտավորապես 10 էջի սահմանում կտրամադրեին այն հարցերը, խնդիրները, որոնցով ժողովուրդը դիմել է կառույցին, և դրանց վերաբերյալ քննարկումներ են կազմակերպվել»,- ասաց Պեպանյանը՝ ընդգծելով, որ քննարկումներ են տեղի ունեցել Ամուլսարի հարցով, Ստամբուլյան կոնվենցիայի, վարչապետ Փաշինյանի՝ դատարանների մուտքերն արգելափակելու կոչի և այլն հարցերի վերաբերյալ, որոնց թիվը հասնում է շուրջ հարյուրի։
«Պարզապես Ալեն Սիմոնյանը պետք է դիմեր, պատասխան կստանար և նման անպատասխանատու հայտարարություն չէր անի»,- նկատեց Պեպանյանը։
Խոսելով Հանրային խորհրդի շուրջ ստեղծված քննարկումների շարժառիթների մասին՝ Պեպանյանը նշեց հետևյալը․ «Եկեք մտածենք, թե ինչո՞ւ հանկարծ Սիմոնյանը հիշեց, որ Հանրային խորհուրդ կա։ Երբ ՀԽ-ում քննարկում եղավ վարչապետի՝ դատարանները շրջափակելու ապօրինի հրամանի վերաբերյալ, խորհրդի անդամներից որևէ մեկը չպաշտպանեց այն, բոլորը դեմ էին, գտնում էին, որ դա օրենքի խախտում է։ Ես համոզված եմ, որ իշխանական վերնախավին գնացել-հասել է, թե ՀԽ-ում չեն ողջունել վարչապետի ապօրինի քայլերը։ Բացի դա, Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ քննարկման արդյունքում էլ ոչ իշխանահաճո եզրահանգման եկանք։ Այս երկուսը բավարար են, որպեսզի որոշ իշխանավորներ իրենց վատ զգան։ Դրան գումարած՝ Վազգեն Մանուկյան քաղաքացու հայտարարությունները՝ երկրում տեղի ունեցող դեպքերի հետ կապված։ Պարզ է, որ իշխանական վերին շրջանակներում պետք է բուռն դժգոհություններ լինեին։ Ալեն Սիմոնյանն էլ արտահայտել է այդ խտացված տեսակետը, որն իրականությանը չի համապատասխանում»։
Պեպանյանը նաև նշեց, որ Հանրային խորհուրդը ստեղծված չէ հաճոյանալու համար, այն քաղաքական կառույց չէ, այլ պարզապես իրավունք ունի քննարկելու ժողովրդի մեջ եղած դժգոհություններն ու հարցերը և դրանց վերաբերյալ կայացնելու իր որոշումները՝ դրանք հրապարակելով և ուղարկելով կառավարությանը։ «Սա է մտնում իր իրավունքների մեջ։ Եվ այս գործունեությունը որոշ պաշտոնյաների չի գոհացնում։ Դա արդեն իրենց խնդիրն է»,- նկատեց Հանրային խորհրդի անդամը։


















































ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Մահացել է 80-ականների փոփի լեգենդ Բոնի Թայլերը
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Դատախազությունը պահանջում է Արամ Հարությունյանի ապօրինի տիրապետության ներքո գտնվող տարածքը վերադարձն...
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ