Ավստրալական 50 դոլարանոց թղթադրամի վրա վրիպակ է հայտնաբերվել (լուսանկարներ)
Ավստրալական 50 դոլարանոց նոր թղթադրամների վրայի մանրատառ տեքստում վրիպակ է հայտնաբերվել, հաղորդում է BBC-ն: Թղթադրամի վրա «responsibility» («պատասխանատվություն») բառում բացակայում է վերջին «i» տառը:
Ավստրալիայի պահուստային բանկը, որը թողարկել է նոր թղթադրամը, հաստատել է վրիպակը՝ նշելով, որ այն կուղղվի թղթադրամի հետագա թողարկումների ժամանակ:
Երկրում անցած տարի 50 դոլարանոց 46 մլն թղթադրամ է թողարկվել, որոնք այժմ շրջանառության մեջ են դրվել երկրի ամբողջ տարածքում:
Թղթադրամի վրա պատկերված է Էդիթ Քոուանը՝ Ավստրալիայի խորհրդարանի առաջին կին անդամը, իսկ հետևի ֆոնին խորհրդարանում նրա արտասանած առաջին ճառից մեջբերում է արված:
«Մեծ պատասխանատվություն է այստեղ միակ կինը լինելը, ես ցանկանում եմ ընդգծել այլ կանանց՝ այստեղ լինելու անհրաժեշտությունը»,- ասվում է մեջբերման տեքստում:
Տեքստը, սակայն, գրված է մանրատառերով, և վրիպակը թղթադրամի՝ շրջանառության մեջ մտնելուց միայն 6 ամիս անց է հայտնաբերվել, այն էլ՝ խոշորացույցի միջոցով:

















































