«Հաճելի այց էր բարեկամ երկիր Հայաստան». Ջոն Բոլթոնի թվիթերյան գրառումը
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն իր թվիթերյան միկրոբլոգում անդրադարձել է Հայաստան կատարած այցին ու կիսվել տպավորություններով:
«Երեկ հաճելի այց եմ ունեցել տարածաշրջանում կարևոր բարեկամ պետություն Հայաստան: Հաճույք ստացա վարչապետի և ազգային անվտանգության գծով նրա թիմի հետ արդյունավետ զրույցներից»,- գրել է պաշտոնյան:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Բոլթոնի հետ բանակցություններն անցել են խիստ դրական մթնոլորտում:
«Կարծում եմ՝ Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները նույնպես նոր մակարդակի բարձրացնելու իրական հնարավորություն կա: Եվ մենք պատրաստ ենք օգտվել այդ հնարավորությունից»,-գրել է նա:
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը Հայաստանում է տարածաշրջանային այցի շրջանակում: Սա ամերիկյան ամենաբարձր մակարդակի և ամենախոշոր պատվիրակության այցն է անկախության տարիներին։
Ջոն Բոլթոնը Երևան է ժամանել հոկտեմբերի 24-ի երեկոյան: Նրա այցը տարածաշրջանային է․ մեկնարկել է հոկտեմբերի 21-ին Մոսկվայից, որտեղ նա բանակցություններ է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Մոսկվայից հետո Բոլթոնի հաջորդ կանգառը եղել է Բաքուն, որտեղ նա խոսել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ իր մոտեցումների մասին:

















































