ՀՀԿ-ի հայտարարությունը եւ հանելուկների մեծ շարան
Դեռեւս կառավարող Հանրապետական կուսակցության խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը քիչ առաջ հայտարարեց, որ առճակատումից խուսափելու համար իրենց կուսակցությունը որոշում է կայացրել չառաջադրել վարչապետի թեկնածու առաջադրել մայիսի 1֊ին կայանալիք ընտրություններին։
«Մենք չենք առաջադրի թեկնածու։ Ում կքվեարկենք՝ կապված է թե ովքեր են առաջադրված եւ ինչ ծրագրով հանդես կգան»,֊ հայտարարեց Էդուարդ Շարմազանովը:
Այս իրավիճակում բավական շահեկան վիճակում հայտնվեց Կարեն Կարապետյանը: Վերջին օրերին մեծ արշավ էր սկսվել նրա դեմ: Հիշել էին անգամ, որ նա դպրոցում մի անգամ քաշել էր առջեւում նստած դասընկերուհու մազերը: Պնդում էին, թե նա ամեն գնով փորձելու է մայիսի 1-ին վարչապետ ընտրվել:
Բնականաբար, նրանից ներողություն չեն խնդրելու: Մեր հասարակությունը դեռ նման մակարդակի չի հասել: Իսկ Կարապետյանը, որը հիմա բավական ծանր պարկ է շալակն առել եւ փորձում է իր ուժերի ներածի չափով նպաստել առկա իրավիճակի խաղաղ հանգուցալուծմանը, եւ ակամա որոշ չափով կրում է ՀՀԿ-ի բացասական վարկանիշի հետեւանքները, դեռ հսկայական աշխատանք ունի անելու իրավիճակի կարգավորման համար:
Ժամանակը ցույց տվեց, որ Կարեն Կարապետյանի համար կարեւորը պետական շահերն են, եւ ոչ իր անձնական: Նա գիտակցում էր, որ ՀՀԿ-ի հետ գնալով ընտրության գցելու է իր վարկանիշը, ասոցացվելու է ՀՀԿ-ի հետ, բայց հանուն երկրի զարգացման, հանուն այն ծրագրերի, որ պետք է իրականացներ, գնաց այդ քայլին:
Հիմա էլ նա ինչ անելու է, հաստատ անելու է հանուն երկրի, եւ ոչ իր անձնական շահի: Իսկ առաջիկայում երկիրը բարդ որոշումների փուլ է մտնելու, որտեղ Կարապետյանի նման պրագմատիկ գործիչների կարիքը շատ է զգացվելու:
Անդրանիկ Խաչատրյան

















































