Կարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա
Ամեն օր մենք կարդում ենք՝ գրքեր, ամսագրեր, նորություններ, ճանապարհային
երթևեկության կանոններ և բազմաթիվ այլ տեքստեր։ Ընթերցանությունը մեր
առօրյայի անբաժան մասն է, սակայն միշտ չէ, որ ուշադրություն ենք դարձնում,
թե ինչ ձևաչափով ենք կարդում՝ թղթային, թե թվային։ Արդյո՞ք
ընթերցանության այս երկու ձևերը նույն կերպ են ազդում մեր ուղեղի
աշխատանքի, հիշողության և տեղեկատվության ընկալման վրա։
Դարեր շարունակ թուղթը եղել է գրավոր տեղեկատվության պահպանման և
փոխանցման հիմնական միջոցը։ Հին Չինաստանում թղթի օգտագործման
հնագույն հայտնի նմուշները թվագրվում են մ.թ.ա. II դարով։ Հետագայում թուղթը
տարածվեց նաև Արևմուտքում՝ նպաստելով գրքերի տպագրությանն ու գրավոր
տեղեկատվության տարածմանը։
Տարիների ընթացքում փոխվել են գրքերի ստեղծման և տարածման
եղանակները, իսկ տեխնոլոգիաների զարգացումը ընթերցանության համար նոր
հնարավորություններ է ստեղծել։ Այսօր նույն գիրքը կարելի է կարդալ ինչպես
թղթային տարբերակով, այնպես էլ հեռախոսով, պլանշետով կամ համակարգչով։
Սակայն ձևաչափի փոփոխությունը միայն ընթերցանության հարմարության
հարց չէ։ Գիտնականները տարիներ շարունակ ուսումնասիրում են՝ արդյոք
թղթից և թվային էկրաններից կարդալու ընթացքում նույն կերպ ենք ընկալում ու
հիշում տեղեկատվությունը, և ինչ տարբերություններ են առաջանում ուղեղի
աշխատանքի և ուշադրության կենտրոնացման մեջ։
2018 թվականին հրապարակված ուսումնասիրություններից մեկում Պաբլո
Դելգադոյի և այլ հեղինակների մետավերլուծության շրջանակում ուսումնասիրվել
են 2000-2017 թվականներին հրապարակված 54 գիտական աշխատանքների
արդյունքները՝ ընդհանուր առմամբ 171 055 մասնակցի տվյալներով։
Հետազոտության հեղինակները համեմատել են թղթային և թվային
տարբերակներով ընթերցանության արդյունավետությունը։ Արդյունքները ցույց
են տվել, որ թղթային տարբերակով կարդացած տեքստի ընկալումն ընդհանուր
առմամբ ավելի արդյունավետ է եղել։ Տարբերությունը հատկապես նկատելի է
եղել տեղեկատվական տեքստերի և սահմանափակ ժամանակով
ընթերցանության դեպքում։ Մինչդեռ գեղարվեստական և պատմողական
տեքստերի ընթերցանության ժամանակ երկու ձևաչափերի միջև էական
տարբերություն չի արձանագրվել։
Նման արդյունքներ են արձանագրվել նաև 2019 թվականին հրապարակված մեկ
այլ ուսումնասիրության շրջանակում։ Վիրջինիա Քլինթոնի իրականացրած
մետավերլուծությունը ներառել է 33 հետազոտություն, որոնցում համեմատվել են
թղթից և էկրանից ընթերցանության արդյունքները։ Հեղինակը պարզել է, որ
թվային տարբերակով կարդալիս տեղեկատվական տեքստերի ընկալումն ավելի
ցածր է եղել։ Միևնույն ժամանակ, ընթերցանության արագության առումով
էական տարբերություն չի արձանագրվել։ Հետազոտությունը ցույց է տվել նաև,
որ թղթից կարդացողներն ավելի ճշգրիտ են գնահատել սեփական ընկալումը՝
հասկանալով, թե որքանով են յուրացրել կարդացած տեղեկությունը։
Սակայն ընթերցանության ձևաչափի ազդեցությունը սահմանափակված չէ միայն
տեղեկատվության ընկալմամբ։ Գիտնականներն ուսումնասիրում են նաև ուղեղի
ակտիվությունը։ 2026 թվականին հրապարակված հետազոտություններից մեկում
Տոկիոյի համալսարանի գիտնականները համեմատել են թղթից և պլանշետից
մանգա կարդալու ընթացքում ուղեղի ակտիվությունը։
Հետազոտությունը ցույց է տվել, որ թղթից կարդալու նախնական փորձը կարող է նպաստել պատմության տարբեր հատվածների միջև կապերի ավելի արդյունավետ հաստատմանը։
Սակայն պետք է հաշվի առնել, որ ուսումնասիրությունն իրականացվել է
մանգայի ընթերցանության օրինակով, ուստի արդյունքները չի կարելի տարածել
ընթերցանության բոլոր տեսակների վրա։
Մյուս կարևոր հանգամանքը ուշադրության կենտրոնացումն է։ Թվային
սարքերով կարդալիս ընթերցողի ուշադրությունը կարող են շեղել ծանուցումները,
հաղորդագրությունները և այլ հավելվածները։ 2025 թվականին հրապարակված
մետավերլուծությունը ցույց է տվել, որ թվային ընթերցանության ընթացքում
առաջացող նման շեղումները կարող են բացասաբար ազդել տեքստի ընկալման
վրա։ Այս դեպքում խնդիրը ոչ այնքան էկրանն է, որքան այն միջավայրը, որտեղ
ընթերցողը կարդում է։
Միևնույն ժամանակ, գիտական ուսումնասիրությունների արդյունքները
միանշանակ չեն։ Որոշ հետազոտություններ էական տարբերություն չեն
արձանագրել թղթային և թվային ընթերցանության արդյունավետության միջև։
Սա նշանակում է, որ միայն ընթերցանության ձևաչափը բավարար չէ
հասկանալու համար, թե որքան լավ կյուրացվի տեղեկատվությունը։ Կարևոր են
նաև տեքստի բարդությունը, ընթերցանության նպատակը, ընթերցողի
սովորությունները և այն պայմանները, որոնցում նա կարդում է։
Ի վերջո, անկախ նրանից՝ կարդում ենք թղթից, թե էկրանից, կարևոր է ոչ միայն
ընթերցանության ձևաչափը, այլև այն, թե ինչ ենք կարդում և որքանով ենք
հասկանում ու յուրացնում կարդացածը։
Top news


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»