Ո՞վ է այսօր հեղինակություն դասարանում․ ուսուցչի օրվա մյուս կողմը
Այսօր՝ Ուսուցչի օրը, սովորաբար խոսում ենք մանկավարժների աշխատանքի կարևորության, նրանց նվիրումի ու աշակերտների կյանքում ունեցած դերի մասին։ Բայց կա մի հարց, որի շուրջ գուցե ավելի կարևոր է խոսել հենց այս օրը․ ո՞վ է այսօր հեղինակություն դասարանում։
Մի կողմից՝ դպրոցները շարունակում են ուսուցիչների կարիք ունենալ։ Մյուս կողմից՝ դասարանում ուսուցչի հեղինակությունը միայն մասնագիտական գիտելիքով չի որոշվում։ Այն ձևավորվում է նաև աշակերտի, ծնողի և դպրոցի հարաբերությունների ամբողջ համակարգում։ Ու երբ այդ համակարգում փոխվում է ուսուցչի նկատմամբ վերաբերմունքը, փոխվում է նաև դասարանի ներսում ուժերի հարաբերակցությունը։
Հայաստանում ուսուցիչների թափուր տեղերի խնդիրը վերջին տարիներին որոշակիորեն նվազել է, սակայն ամբողջությամբ չի վերացել։ ԿԳՄՍ նախարարության ներկայացրած տվյալներով՝ եթե 2023 թվականին դպրոցներում շուրջ 1400 ուսուցչի թափուր տեղ կար, ապա 2025-ին այդ թիվը հասել է մոտ 700-ի։ Միաժամանակ վերջին երկու ուսումնական տարում դպրոց է մուտք գո րծել շուրջ 4000 նոր ուսուցիչ, որոնց մոտ 80 տոկոսը 45 տարեկանից փոքր է։
Սակայն ուսուցչի խնդիրը միայն այն չէ, թե դասարանում կա՞ մեկ ազատ հաստիք, թե՞ ոչ։ Ուսուցիչը դպրոց է մտնում ոչ միայն դասավանդելու, այլև դասարանը կառավարելու, աշակերտների հետ հարաբերություն կառուցելու և, շատ դեպքերում, ծնողների հետ բարդ իրավիճակներ կարգավորելու համար։ Այս հարաբերությունների մյուս կողմը վերջին շրջանում հաճախ հայտնվում է լրահոսի առաջին էջերում։ Օրիանակ, նախորդ ամիս՝ սեպտեմբերի 9-ին Արարատի մարզի դպրոցներից մեկում 59-ամյա ուսուցչուհին հարվածել էր 14-ամյա աշակերտին։ Ոստիկանության հաղորդման համաձայն՝ դեպքը տեղի էր ունեցել դասի ժամանակ, երբ աշակերտը «չինգաչգուկ» էր խաղում։ Դեպքի առնչությամբ հաղորդում էր ստացվել սեպտեմբերի 10-ին։ Այսպիսի դեպքերում ուսուցչի գործողության գնահատականը միանշանակ է․ աշակերտի նկատմամբ ֆիզիկական բռնությունը չի կարող լինել դասարանում կարգապահություն ապահովելու միջոց։ Ուսուցիչը, ինչպես ցանկացած մեծահասակ, ունի պատասխանատվություն իր վարքի համար։
Ի՞նչ է կատարվում այն դասարանում, որտեղ ուսուցիչը ստիպված է պայքարել աշակերտի ուշադրության համար։ Երեխան դպրոցից առաջ և դպրոցից դուրս լսում է, թե ինչպես են ընտանիքում խոսում ուսուցչի, դպրոցի, գնահատականների ու կրթության մասին։ Եթե երեխան սովորում է, որ ուսուցչի խոսքը կարելի է անտեսել, իսկ ցանկացած նկատողություն կարելի է անմիջապես վիճարկել, դասարանում ուսուցչի հեղինակությունը պահպանելը դառնում է շատ ավելի դժվար։ Դասարանում ուսուցիչը կարող է հեղինակություն լինել միայն այն դեպքում, երբ աշակերտը նրա մեջ տեսնում է ոչ թե պարզապես գնահատական նշանակող անձի, այլ մասնագետի, որի գիտելիքն ու վարքը վստահություն են առաջացնում։
Պետությունը վերջին տարիներին փորձում է բարձրացնել ուսուցչի մասնագիտական և ֆինանսական գրավչությունը։ 2025 թվականի տվյալներով՝ կամավոր ատեստավորում հաջողությամբ անցել է 9602 ուսուցիչ՝ ուսուցիչների մոտ մեկ երրորդը, իսկ տարբեր ծրագրերի միջոցով մի շարք մանկավարժներ զգալիորեն բարձր են վարձատրվում։ Սակայն բարձր աշխատավարձը կամ նոր վերապատրաստումը ինքնին չեն լուծում հեղինակության խնդիրը։ Դասարանում ուսուցչի դիրքը որոշվում է նաև նրանով, թե հասարակությունն ինչ արժեք է տալիս այդ մասնագիտությանը։
Հետևաբար ուսուցչի օրը կարելի է դիտարկել ոչ միայն որպես շնորհակալության, այլև ինքնաքննության առիթ։ Ի՞նչ ուսուցիչ է ուզում ունենալ դպրոցը։ Ի՞նչ աշակերտ է ուզում ձևավորել ընտանիքը։ Եվ ի՞նչ հարաբերություն են երկուսը միասին ստեղծում դասարանում։
Շնորհավոր տոնդ, սիրելի ուսուցիչ։


















































«Ռոսատոմը» համագործակցում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շուրջ․ Լիխաչով
Գոռ Մինասյանը դարձել է Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Առաջին միավորները Ազգերի լիգայի խաղարկությունում
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է «Ապրելու արվեստ» շարժման հիմնադիրի հետ (տեսանյութ)
ՀՀ բանակի զինծառայողների պարապմունքները «Տիր» հրետանային համակարգով (տեսանյութ)
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ռոնալդուի անձնական ինքնաթիռը մեկնել է Մադրիդ
Փարիզի նորաձևության շաբաթը սկսվել է անակնկալ ելույթով
Հայաստանի Հանրապետությունում ևս արձանագրվել է վառելիքի գների բարձրացում