Երկու երկրի հարաբերությունները զարգանում են դրական դինամիկայով. Հայաստանի և Տաջիկստանի նախագահների հանդիպումը
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Ղազախստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ։
Նախագահները գոհունակությամբ ընդգծել են, որ երկու երկրների հարաբերությունները զարգանում են կայուն և դրական դինամիկայով՝ ընդգրկելով փոխգործակցության տարբեր ուղղություններ։ Միաժամանակ երկուստեք շեշտվել է, որ առկա է զգալի, դեռևս ամբողջությամբ չիրացված ներուժ, որի լիարժեք օգտագործումը պահանջում է նպատակային և հետևողական քայլեր, ինչպես նաև համատեղ նախաձեռնությունների ընդլայնում։
Զրույցի ընթացքում կողմերը հանգամանալից անդրադարձ են կատարել տարածաշրջանային զարգացումներին՝ ընդգծելով, որ 2025 թվականի օգոստոսյան իրադարձություններից հետո Հարավային Կովկասում ձևավորվել է որակապես նոր իրավիճակ։ Այս համատեքստում նշվել է, որ ստեղծված իրողությունները բացում են նոր հնարավորություններ տարածաշրջանի և հարակից երկրների համար՝ վերաիմաստավորելու իրենց համագործակցությունը և այն կառուցելու առավել կանխատեսելի, փոխշահավետ ու երկարաժամկետ հիմքերի վրա։ Հատկապես կարևորվել է խաղաղության, կայունության և հաղորդակցությունների զարգացման նշանակությունը՝ որպես տնտեսական ակտիվության և փոխադարձ կապերի խորացման կարևոր նախապայման։
Հանդիպման ընթացքում նախագահները մտքեր են փոխանակել տնտեսության, բարձր տեխնոլոգիաների և արհեստական բանականության, գյուղատնտեսության, կրթության և գիտության, ինչպես նաև այլ հեռանկարային ոլորտներում համագործակցության ընդլայնման ուղիների շուրջ։ Կարևորվել է նորարարությունների խթանումը, գիտակրթական կապերի զարգացումը, մասնագիտական փորձի և լավագույն գործելակերպերի փոխանակումը, ինչպես նաև համատեղ ծրագրերի իրականացումը, որոնք կարող են նպաստել երկու երկրների տնտեսական աճին և մրցունակության բարձրացմանը։
Կողմերը նաև կարևորել են միջազգային և տարածաշրջանային հարթակներում փոխգործակցության շարունակական ամրապնդումը՝ ընդգծելով բազմակողմ ձևաչափերի արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունը։ Այս համատեքստում շեշտվել է համադրելի օրակարգերի առաջմղումը, ինչպես նաև ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերում դիրքորոշումների մերձեցումը՝ ի շահ երկու երկրների և ավելի մի լայն տարածաշրջանային կայունության։
Հանդիպման ավարտին նախագահները վերահաստատել են իրենց պատրաստակամությունը շարունակելու երկկողմ հարաբերությունների զարգացումն ու խորացումը՝ դրանք հասցնելով որակապես նոր մակարդակի։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»