Ընդդիմության փոքր ու մեծ մարտահրավերները
Արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Ազգային ժողով անցած ու չանցած իրական ընդդիմության խնդիրը լինելու է քաղաքական օրակարգ թելադրողի կարգավիճակի պահպանումը։
Դա, իհարկե, առաջին հերթին վերաբերելու է խորհրդարանական ընդդիմությանը։ Ընդ որում, օրակարգ թելադրողի կարգավիճակը քիչ կապ ունի խորհրդարանում ունեցած պատգամավորների թվաքանակի հետ, քանի որ քաղաքական օրակարգ թելադրում են ոչ թե քանակով, այլ բովանդակությամբ։ Իսկ դա նշանակում է, որ չափազանց մեծ է լինելու ոչ միայն ընդդիմադիր խմբակցությունների հավաքական կերպարի, այլ նաև դրանցում ընդգրկված անհատների դերը։
Ընդդիմության խնդիրն է լինելու՝ իշխող ուսապարկերի խմբակցությանը հակադրվել անհատներով ու անհատականություններով, որոնք կկարողանան գերակա դիրք ունենալ ոչ միայն քաղաքականապես, այլ նաև բարոյական հարթությունում։
Դա դժվար լուծելի խնդիր է, հատկապես, որ ընդդիմության պատգամավորական ցուցակները նույնպես կազմված չեն անբասիր ու հեղինակավոր անձանցից, դրանք ավելի շատ քաղաքական կոմպրոմիսների ու կոնյունկտուրայի հետևանք են։ Եվ եթե ընդդիմության խնդիրը նաև անհատական որակներ ունեցող գործիչներով իշխանության նկատմամբ քաղաքական ու, որ ոչ պակաս կարևոր է, բարոյական գերակայություն ապահովելն է, ապա իշխանությունն ամեն ինչ անելու է, որպեսզի ընդդիմադիր խմբակցությունները որակապես իջնեն, հավասարվեն իր մակարդակին։
Դրա համար կան բավարար չափով ու փորձված տեխնոլոգիաներ՝ սկսած պարգևավճարներից ու ծառայողական ավտոմեքենաներից, մինչև խորհրդարանական մանր ու միջին պաշտոններ, գործուղումներ, այլ ճղճիմ իշխանական վայելքներ։
Կկարողանա՞ ընդդիմությունը հավաքականորեն ու անհատապես դիմակայել այդ գայթակղություններին։ Նաև այս հարցի պատասխանից է կախված լինելու առաջիկա քաղաքական կյանքի բովանդակությունն ու այն, թե ով է լինելու քաղաքական օրակարգ թելադրողը՝ ընդդիմությո՞ւնը, թե՞ իշխանությունը։
Այս հիմնախնդիրը, ի դեպ, առանձին օրինակով արդեն իսկ ծառացել է ընդդիմադիր խմբակցություններից «Հայաստան» դաշինքի առջև։
Դաշինքի նախընտրական ցուցակի ոչ անցողիկ տեղում ընդգրկված է լրագրող, արցախյան երկրորդ պատերազմի զոհերից Աբգար Նազարյանի հայրը՝ Գեղամ Նազարյանը, ով հետպատերազմյան շրջանում անգնահատելի աշխատանք է կատարել զոհերի ու անհետ կորածների հարազատների խնդիրների բարձրաձայնման, նրանց շահերի պաշտպանության հարցերում։
Եվ որքան տրամաբանական էր Գեղամի ընդգրկումը «Հայաստան» դաշինքի ցուցակում, նույնքան կամ ավելի անտրամաբանական կլինի, եթե այդ դաշինքը չգտնի տեխնիկական լուծում ու երկու-երեք այլ թեկնածուների ինքնաբացարկի միջոցով չապահովի Գեղամի ներկայությունը խորհրդարանում, որը լինելու է ոչ թե նրա անհատական, այլ զոհերի ծնողների, հարազատների խորհրդանշական ներկայությունն Ազգային ժողովում։
Որքան էլ ցավալի, այդուհանդերձ դառը իրողություն է, որ պատերազմի հետևանքով երկրում ձևավորվել է հասարակական առանձին շերտ՝ բաղկացած պատերազմի զոհերի ծնողներից ու հարազատներից։ Ու այդ շերտն առաջին հերթին պետք է ներկայացված լինի խորհրդարանում, որում գտնվող՝ ինչպես իշխանական, այնպես էլ՝ ընդդիմադիր պատգամավորներն անհատական ու հավաքական պարտք ու պատասխանատվություն ունեն այդ մարդկանց առաջ։
Գեղամը, ահա, ծանրագույն վիճակում գտնվող այդ խավի ներկայացուցիչը կարող է լինել խորհրդարանում, որտեղ, անգամ բարոյականության իսպառ բացակայության պայմաններում, այդուհանդերձ դժվար կգտնվեն մարդիկ, ովքեր կկարողանան ճամարտակել պատերազմի մասին՝ Գեղամի աչքերին ուղիղ նայելով։
Սա փոքր, բայց բովանդակային առումով էական մարտահրավեր է ընդդիմության համար, որը պետք է ընտրություն կատարի կուսակցական-խմբային կոնյունկտուրային շահերի և խորհրդարանում առնվազն բարոյական գերակա ներկայություն ունենալու միջև։
Ակնհայտ է, որ իշխանությունը՝ անձամբ Նիկոլ Փաշինյանը, երախտապարտ կլինի «Հայաստան» դաշինքին, Ռոբերտ Քոչարյանին, եթե չգտնվի այդ տեխնիկական լուծումը, ու Գեղամ Նազարյանը խորհրդարանում ներկայացված չլինի։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»