Արդեն հոգնեցինք ձեր սխալներից
Երբ մարդը այնտեղ չէ, որտեղ պետք է լինի, երբ մարդը հավատում է, որ ինքը հենց այնտեղ է, որտեղ երբեք չպետք է լիներ մի շարք պատճառներով, ապա ունենում է ահա այսպիսի ելույթ.
«Մենք շրջապատված ենք ավտորիտար Թուրքիայով, ավտորիտար բնույթի Իրանով, ավտորիտար Ադրբեջանով, եւ մեր անմիջական հարեւան Վրաստանն է միայն, որ ժողովրդավարական ճանապարհով է գնում: Եվ այս շուրջ 160 միլիոնանոց ավտորիտար երկրներով շրջապատված Հայաստանը, եթե ժողովրդավարության առաջանցիկ զարգացումը դարձնում է իր հաղթաթուղթը, կարողանում է նաեւ միջազգային հանրության կողմից ընկալվել որպես տարածաշրջանի առաջատար ժողովրդավարական երկիր, որը եւս անպայման ունենալու է իր դրսեւորումները դիվանագիտության մեջ»:
Հայկ Կոնջորյան: Նա պատգամավոր է: Նա մի ժամանակ ներկայացնում էր «Լուսավոր Հայաստանը», հետո սահուն անցում արեց դեպի «Քաղաքացիական պայմանագիր», թե «Իմ քայլը» դաշինք: Եւ նա ահա այսպիսի ելույթ է ունենում: Ոմանք ասում են երեխայական, ոմանք ասում են, թե հատուկ պատվերով, ոմանք ասում են քծնելու համար:
Այնպիսի տպավորություն է, կարծես թե նա առաջին անգամ էր քարտեզին նայել եւ տեսել ՀՀ սահմանակից պետություններին ու որոշել ցուցադրել իր գիտելիքները: Բայց սա առաջին տպավորությունից: Եթե մենք ծանոթանանք այս խայտառակ ելույթից հետո նրա պարզաբանմանը, ապա կհասկանանք, որ նա հատուկ դիտավորությամբ է նման ելույթ ունեցել, քանի որ կրկին Իրանը համարել է ավտորիտար:
Այստեղ են ասել՝ նախ դուք ձեզ նայեք, ձեր ժողովրդավարության չափը որոշեք, ձեր ավտորիտար քվեարկություններին նայեք, եւ հետո նոր անդրադարձեք Իրանին:
Շատ չե՞ն կառավարող ուժի այս կամ այն ներկայացուցիչների բլթոցները, շատ չե՞ն նրանց կոպիտ վրիպումները:
«Յուրաքանչյուրը պետք է իր սխալների վրա սովորի. Ես կարող էի ամենատարբեր ձեւերով լղոզել ասածս, բայց ես ասում եմ, որ սխալներից պետք է սովորել»: Երիտասարդ, գնա կատուների վրա պարապիր, ինչպես Գայդայի հերոսներից մեկը խորհուրդ տվեց Ցանցառին: Հայաստանի խորհրդարանը քեզ համար մանկապարտեզի կրտսեր խումբ չէ, որ սխալվես ու սովորես:
Սովորեք, պարոնայք, սովորեք: Բայց կան տարրական գիտելիքներ, տարրական քաղաքագիտական նորմեր, որոնք արդեն սովորած են գնում խորհրդարան, կամ էլ մտնում քաղաքականության մեջ: Մինչեւ ե՞րբ եք սովորելու, եւ դեռ ինչքա՞ն եք խայտառակելու եւ խայտառակվելու: Ախր դրանով դուք վարչապետին եք հարվածի տակ դնում: Ախր նա չի կարող խիստ ուսուցչի պես ամեն անգամ ձեր ելույթները ստուգի, նոր ուղարկի Աժ ամբիոն:
Հարգարժան մի գործիչ խորհուրդ տվեց կառավարող ուժի խորհրդարանական խմբակցության ղեկավարին ընդունել սխալը եւ անցնել առաջ: Մնում է ասել՝ ո՞վ նման պատասխանատվություն կվերցնի իր վրա: Մակո՞ւնցը, այն աղջիկը, որը քաղաքականությունից հեռու է հարյուր հազարավոր կիլոմետրերո՞վ: Ոչ, նա նման քայլի երբեք չի դիմի: Նրանց քայլն ուրիշ առվեն է:
Աննա Բաղդասարյան
Top-News.am


















































Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Հայաստանն ու Իրանն աշխատում են սահմանին երկրորդ կամրջի նախագծի վրա
Եվրախորհրդարանի պատգամավորները չեն կարողացել աշխարհի քարտեզի վրա գտնել Իրանը
Իրանի հարստացված ուրանի պաշարները միջուկային օբյեկտների փլատակներում են
Անկանխիկ ստացման եղանակի անցնելու դիմում չներկայացրած կենսաթոշակառուի համար բանկը ընտրել է ՄՍԾ-ն՝ ին...
Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Երևանում և մարզերում կլինեն էլեկտրաէներգիայի ընդհատումներ
ԱԹՍ-ի հարվածի հետևանքով Դուբայի միջազգային օդանավակայանի մոտ հրդեհ է բռնկել
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է