Հոկտեմբերի 12-ից հայ և թուրք լրագրողները միասին մասնակցելու են երկշաբաթյա ուղևորության, որի առաջին հատվածն անցնելու է Թուրքիայում, երկրորդը՝ Հայաստանում։ «Մեդիա-ավտոբուսային շրջայցը» կազմակերպվել է «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը. անդրսահմանային կապերի ամրապնդում» ծրագրի շրջանակում։
Հայկական կողմից այն իրականացնում են «Եվրասիա» համագործակցության հիմնադրամը և Հայաստանի արտադրողների ու գործարարների միությունը, թուրքական կողմից՝ Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների և «Հրանտ Դինք» հիմնադրամները՝ Եվրոպական միության աջակցությամբ։
Ծրագիրը մասնագիտական փոխանակման նախաձեռնություն է, որը միավորելու է երկու երկրների մեդիա ներկայացուցիչներին։ Նրանք 14 օր տեսնելու և պատմելու են Հայաստան–Թուրքիա հարաբերությունների առանցքային շերտերի մասին։
Հայաստանից ու Թուրքիայից տասնչորս լրագրող ու մեդիա մասնագետ միասին անցնելու են հարյուրավոր կիլոմետրեր՝ Ստամբուլից մինչև Երևան։ Ծրագրի աշխարհագրությունը հուշում է, որ երթուղին գրեթե ճշգրտորեն կրկնելու է լեգենդար «Մետաքսի ճանապարհը»։ Ստամբուլից մինչև Իզմիր, պատմական Դիարբեքիրից, Մուշի Սուլուխի կամրջից ու Վանից մինչև հինավուրց Անի, Գյումրի ու Երևան։ Դարեր շարունակ հենց այս հանգույցներով են անցել հյուսիսն ու հարավը, արևմուտքն ու արևելքը միմյանց կապող քարավանները։ Սակայն այսօր՝ 2026 թվականի հոկտմեբերին, նույն երթուղով քարավանների փոխարեն անցնելու է «մեդիա ավտոբուս»-ը։
Սա պարզապես տուրիստական շրջագայություն չէ, այլ յուրօրինակ «մեդիա-ավտոբուսային» ճամփորդություն, որն իրականացվում է Եվրոպական միության աջակցությամբ։
Սա հնարավորություն է երկու երկրների լրագրողների համար՝ սեփական աչքերով տեսնելու ու հասկանալու, թե ինչպես են այսօր ապրում մարդիկ փակ սահմանի երկու կողմերում։ Փորձելու ենք գտնել տնտեսական, մշակութային ու մարդկային այն թելերը, որոնք կարող են կարևոր լինել հարաբերությունների կարգավորման համար։ Հայ և թուրք մասնակիցների ակնկալիքներն իրականում շատ չեն տարբերվում։
Տասնմեկ օր շարունակ լինելու ենք ամենատարբեր վայրերում։ Մասնակիցները լինելու են «Ակոս» թերթի խմբագրությունում, հանդիպումներ են ունենալու տեղի արտադրողների հետ։ Այցերը կազմակերպվել են այնպես, որ ծրագիրը ներառի տնտեսական կարևոր նշանակություն ունեցող վայրերն ու տեղական ձեռնարկությունները։
Media Bus Tour-ը կանցնի պատմական Անիի ավերակներով ու Վանա լճով, հոկտեմբերի 18-ին ցամաքային ճանապարհով կհատի սահմանն ու կհասնի Գյումրի։
Հայաստանյան օրակարգն ավելի շատ միտված է ապագային։ Խումբը Երևանում կուսումնասիրի մեր տեխնոլոգիական հսկաների՝ Թումոյի և Picsart-ի հաջողության պատմությունները, կծանոթանա արհեստական բանականության հայկական լուծումներին։ Շրջայցը կավարտվի ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության COP17 էքսպո հարթակում։
Այս ճամփորդության գլոբալ նպատակն է կոտրել կարծրատիպերն ու լսարանին փոխանցել փաստերի վրա հիմնված, հավասարակշռված պատմություններ։
armradio.am


















































Firebird AI կենտրոնը կարող է օգտագործվել արևմտյան հատուկ ծառայությունների կողմից. Շևցով
Իրանի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը լայնամասշտաբ պատերազմի վիճակում է
Գիտեմ, որ ճիշտ որոշում եմ կայացնում
Մարկո Ռուբիոյին կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցուցաբերվող ամերիկյան ռազմական աջակցությունը
Ջազ համերգ՝ Կասկադի տարածքում
Երբ դուրս ես գալիս խաղադաշտ, մտածում ես բացառապես հաղթանակի մասին
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Իրան այցի շրջանակում քննարկված մի շարք պայմանավորվածություններ իրականություն են դառնում
Երկրորդ սերնդի մոլորակ
ՄԱԿ-ում վերահաստատվել է Հայաստանի աջակցությունը հատուկ իրավիճակներում գտնվող երկրներին