Քննարկվել է ՄԻԵԴ վճիռների կատարման ընթացքը
Մարտի 18-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վարչության բաժնի ղեկավար Պավլո Պուշկարին և նույն վարչության իրավաբան Արմեն Մազմանյանին։ Ողջունելով հյուրերին՝ Պաշտպանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը՝ ընդգծելով վերջինիս կարևոր դերը ժողովրդավարական արժեքների ամրապնդման գործում։
Պաշտպանը կարևորել է նաև Եվրոպայի խորհրդի շարունակական աջակցությունը ՄԻՊ աշխատակազմի կարողությունների զարգացման հարցում։ Անահիտ Մանասյանը նշել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը առանցքային դեր ունի Հայաստանի օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի՝ միջազգային չափանիշներին համապատասխանեցման գործընթացում՝ հավելելով, որ ՄԻՊ հաստատությունը տարբեր գործիքներով նպաստում է այդ չափանիշների ներդրմանը և ՄԻԵԴ վճիռների պատշաճ կատարմանը։
Պավլո Պուշկարը բարձր է գնահատել ՄԻՊ հաստատության հետ համագործակցությունը՝ ընդգծելով Մարդու իրավունքների պաշտպանի թե՛ տարեկան, թե՛ արտահերթ զեկույցների կարևորությունը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՄԻԵԴ վճիռների կատարման ընթացքը և ոլորտում առկա համակարգային խնդիրները։ Անահիտ Մանասյանն անդրադարձ է կատարել ազատությունից զրկված անձանց, զինված ուժերում իրավունքների պաշտպանության, վատ վերաբերմունքի կանխարգելման ոլորտում առկա խնդիրներին և զարգացումներին, փակ հաստատություններում կյանքի իրավունքի պաշտպանության բնագավառում առկա և մահվան դեպքերի արդյունավետ քննությանն առնչվող հարցերին։
Քննարկվել են նաև ընտանեկան բռնության, երեխաների նկատմամբ բռնության դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող քայլերն ու ոլորտում առկա համակարգային խնդիրները։
Անդրադարձ է կատարվել նաև ՄԻՊ հաստատությանը ներկայացվող դիմում-բողոքներին, այդ թվում` թեժ գծի միջոցով ներկայացվող անանուն դիմումներին։ Պաշտպանը նշել է, որ հաստատությունն առաջնորդվում է «մի վնասիր» սկզբունքով, և բազմաթիվ դեպքերում տեղեկատվությունը չի հրապարակվում՝ հաշվի առնելով դիմումների զգայուն բնույթը և խորհրդապահության սկզբունքը։
Կարևորվել է համագործակցությունը քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ։
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են շարունակական համագործակցության պատրաստակամությունը՝ նպատակ ունենալով զարգացնել երկխոսությունը և ամրապնդել մարդու իրավունքների պաշտպանության համակարգը Հայաստանում։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում