Վարչապետի, նախագահի, ԱԺ նախագահի հետ փոխկապակցված ընկերությունները չեն կարողանալու մասնակցել պետական գնումներին. նախագիծ (տեսանյութ)
Հայաստանի կառավարությունը ներդնում է գնումների ոլորտում կոռուպցիոն հնարավոր դրսևորումները բացառող համակարգ, մասնավորապես ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի, վարչապետի, փոխվարչապետերի, ֆինանսների նախարարի և նրա՝ գնումների ոլորտը համակարգող տեղակալի հետ փոխկապակցված ընկերությունները չեն կարողանալու մասնակցել որևէ պետական գնման գործընթացի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Գնումների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը հավանություն ստացավ կառավարության հունվարի 22-ի նիստում:
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը կարևորեց օրենքով սահմանափակել պետական բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց ընտանիքի անդամների հետ փոխկապակցված ընկերությունների մասնակցությունը գնման գործընթացին: «Առաջարկվում է ներդնել հետևյալ մոդելը՝ փոխկապակցված կհամարվեն պաշտոնյայի ամուսինը, պաշտոնյայի կամ նրա ամուսնու զավակը, ծնողը, քույրը, եղբայրը, ինչպես նաև համատեղ բնակվող անձը»,-ասաց Հովհաննիսյանը:
Մասնակցության պայմանները սահմանվում են ըստ ազդեցության 4 մակարդակների:
1-ին մակարդակ՝ Հանրապետության նախագահի, ԱԺ նախագահի, վարչապետի, փոխվարչապետերի, ֆինանսների նախարարի և նրա՝ գնումների ոլորտը համակարգող տեղակալի հետ փոխկապակցված ընկերությունները չեն կարող մասնակցել որևէ գնման գործընթացի:
2-րդ մակարդակ՝ վարչական և քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց (բացառությամբ Ազգային ժողովի պատգամավորների և համայնքի ավագանու անդամների), գլխավոր դատախազի և նրա տեղակալների, քննչական մարմինների ղեկավարների ու նրանց տեղակալների, գլխավոր քարտուղարների հետ փոխկապակցված ընկերությունները չեն կարող մասնակցել տվյալ պատվիրատուի և վերջինիս կառավարմանը հանձնված առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների կողմից կազմակերպվող գնման գործընթացներին:
3-րդ մակարդակ՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի և նրա տեղակալների, մարդու իրավունքների պաշտպանի հետ փոխկապակցված ընկերությունները չեն կարող մասնակցել տվյալ պատվիրատուի կողմից կազմակերպվող գնման գործընթացներին:
4-րդ մակարդակ՝ 1-3-րդ մակարդակներում չներառված պաշտոնյաների հետ փոխկապակցված ընկերությունները կարող են մասնակցել գնման գործընթացներին՝ պայմանով, որ, եթե պաշտոնյան ներառված է մրցույթի հանձնաժողովի կազմում, ապա պետք է հայտնի ինքնաբացարկ և դուրս գա հանձնաժողովի կազմից: Իսկ, եթե առկա չէ փոխկապակցվածություն, ապա պաշտոնյան ստորագրում և հրապարակում է դրա բացակայության մասին հայտարարություն: Մրցույթի մասնակիցը հայտով ներկայացնում է փոխկապակցվածության բացակայության մասին հայտարարություն և իրական շահառուների վերաբերյալ տվյալներ, որոնք հայտերը բացվելուց հետո դառնում են հրապարակային տեղեկություններ:
Նախարարի խոսքով՝ ընկերությունների կողմից փոխկապակցվածության արգելքի խախտման դեպքերը կքննվեն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմի: Եվ, եթե հանձնաժողովի եզրակացությամբ արձանագրվի խախտման փաստը, ապա պատվիրատուն պայմանագիրը միակողմանիորեն կլուծի:
Կառավարությանը վերապահվում է գնման գործընթացների վրա պաշտոնյաների ազդեցության մակարդակի բարձրացման դեպքերը սահմանելու իրավասություն՝ վերջիններիս գնումների գործընթացների վրա փաստացի կամ հնարավոր ազդեցություններից ելնելով:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին