Հանրային խորհուրդը կֆինանսավորվի
Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում օրենսդրական նախաձեռնություն է ներկայացվել, համաձայն որի՝ «Հանրային խորհուրդը» կդառնա վարչապետին կից մարմին և կստանա պետական ֆինանսավորում:
Այդ նախաձեռնությամբ առաջարկվում է փոփոխություն իրականացնել «Հանրային խորհրդի մասին» օրենքի 11-րդ հոդվածով սահմանված քարտուղարության կարգավիճակում: Քարտուղարությունն այսուհետ վարչապետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանում է և պետք է ապահովի «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի դրույթներով սահմանված աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանմանը վերաբերող դրույթների իրականացումը:
Հանրային խորհուրդը, ըստ Սահմանադրության 161-րդ հոդվածի՝ Կառավարության խորհրդակցական մարմին է, որի կազմավորման և գործունեության կարգը սահմանվում է օրենքով: «Հանրային խորհրդի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հանրային խորհրդի գործունեությունն ապահովում է նրա քարտուղարությունը (այսուհետ` Քարտուղարություն), որը վարչապետի աշխատակազմի գրասենյակ է:
Այսուհետ, քարտուղարությունը պետք է իրականացնի տվյալ պետական մարմնի նպատակներից, խնդիրներից, իրավասությունը սահմանող իրավական ակտերից բխող, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերությունների մասնակցությունն ապահովող գործառույթներ:
Հանրային խուրհուրդն այժմ պետական ֆինանսավորում չի ստանում, նախագծի փոփոխությունից հետո կֆինանսավորվի:
Օրենսդրական փոփոխություններ են նախաձեռնված նաև խորհրդի կանոնդարության մեջ: Ըստ հեղինակների՝ այս փոփոխություններից հետո նախագծի ընդունման արդյունքում Քարտուղարությունը կստանձնի վարչապետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանման կարգավիճակից բխող լիազորություններ: