Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին կալանավայրից դուրս կգա փետրվարի 20-ին
Վրաստանի ներքին գործերի նախկին նախարար Վանո Մերաբիշվիլին փետրվարի 20-ին դուրս կգա կալանավայրից, գրում է վրացական apsny.ge կայքը:
Նախկին վարչապետ և ներքին գործերի նախկին նախարար Վանո Մերաբիշվիլին ձերբակալվել էր 2013 թվականի մայիսին: Նա պատիժ է կրում մի քանի գործերով, այդ թվում՝ 2011 թվականի մայիսի 26-ի ցույցը ցրելու, Սանդրո Գիրգվլիանիի գործով հանցանշանները թաքցնելու, Վալերի Գելաշվիլիի նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդարի և ընտրողներին կաշառելու գործով:
Մերաբիշվիլին ազատազրկվել էր ընդհանուր առմամբ 6 տարի 9 ամիս ժամկետով: Աղբյուրի հաղորդմամբ՝ այս պահին շարունակվում է նոյեմբերի 7-ի ակցիան ցրելու և «Իմեդի» հեռուստաընկերություն ներխուժելու գործի քննությունը: Ըստ հաղորդման՝ նախկին վարչապետն այս գործով մեղադրվում է լիազորությունների չարաշահման համար: