Ճապոնիան որոշել է դյուրացնել վիզային ռեժիմը ՀՀ քաղաքացիների համար
Ճապոնիան մշտապես ընդգծել է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունների կարեւորությունը, որը Ճապոնիայի գործընկերն է հիմնարար արժեքների առումով։ Այս մասին ՀՀ արտաքին գործերի նախարարի հետ համատեղ ճեպազրույցին հայտարարել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տարո Կոնոն։
«Ինձ համար մեծ պատիվ է որպես Ճապոնիայի արտաքին գործերի նախարար ՀՀ այցելելը։ Հաշվի առնելով 26 տարվա դիվանագիտական հարաբերությունները՝ ես կցանկանայի երախտագիտություն հայտնել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին ջերմ ընդունելության համար։ Հանդիպման ժամանակ մենք քննարկել ենք հայ–ճապոնական հարաբերությունների հետագա զարգացման մասին հարցեր։ Օրինակ, Ճապոնիան կհամագործակցի Հայաստանի հետ երիտասարդ դիվանագետների ու իրավաբանների որակավորման բարձրացման հարցում»,–ասել է Կոնոն՝ նշելով, որ Ճապոնիան որոշել է նաեւ դյուրացնել վիզային ռեժիմը ՀՀ քաղաքացիների համար։

















































