Երրորդմասցի Լյովիկի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարվա ազատազրկման
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում քիչ առաջ հրապարակվեց «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի տարածքում Լևոն Ղազարյանի («Երրորդմասցի Լյովիկ») սպանության գործով դատավճիռը, տեղեկացնում է Iravaban.net–ը։
Նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանի աշխատակազմից կայքին հայտնել են, որ ամբաստանյալներ Վահան Հակոբյանը, Սարգիս Գրիգորյանը և Սարգիս Հախանումյանը դատապարտվել են 18 տարվա ազատազրկման:
Ըստ մեղադրական եզրակացության, 2015թ. մարտի 4-ին ժամը 13:50-ի սահմաններում Վահան Հակոբյանը, Սարգիս Հախանումյանը և Սարգիս Գրիգորյանը («Ծգլ») նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրենց մոտ ապօրինի պահվող մարտական ակոսափող հրազեն հանդիսացող թվով 3 ինքնաձիգերից կրակահերթ են արձակել Լևոն Ղազարյանի, Դրաստամատ Թադևոսյանի եւ Մեսրոպ Նազարյանցի ուղղությամբ:
Կրակոցների հետեւանքով ստացված հրազենային վնասվածքներից Մ.Նազարյանցը տեղում, իսկ Լ.Ղազարյանն ու Դ.Թադեւոսյանը «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել են: Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 6, 7 կետերով:

















































