Ինչպես անել, որ տնտեսվարողները չկարողանան խուսափել ավելացված արժեքի հարկից. հարկայինը ելքը գտել է
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 11-ի նիստի օրակարգում ներառել է ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է սահմանել, որ եթե հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ հարկ վճարողները համարվում են փոխկապակցված, եւ հետեւաբար, շրջանառության հարկի համակարգից տեղափոխվում են ԱԱՀ-ի հարկման համակարգ, ապա հարկման համակարգի այդ տեղափոխությունը կատարվի ոչ թե հարկային մարմնի որոշումն ուժի մեջ մտնեու օրվանից, այլ այդ որոշումը կայացնելու տարվա սկզբից:
Փաթեթի բացատրական մասում նշվում է, որ հակառակ պարագայում խուսափելու համար ԱԱՀ-ի դաշտում գործելուց, փոխկապակցված ճանաչված հարկ վճարողները պարզապես լուծարվում են, եւ դրանց փոխարեն ստեղծվում են նորերը եւ այդպես շարունակ:
Միաժամանակ, առաջարկվում է լուծել այս հարաբերություններում առկա իրավական խնդիրը եւ սահմանել, որ եթե դատարանի վճռով չեղյալ է ճանաչվում հարկային մարմնի ղեկավարի որոշումը, ապա հարկ վճարողը շրջանառության հարկ վճարողի կարգավիճակը վերականգնում է այն պահից, որ պահից որ կորցրել էր, եւ ոչ թե հաջորդ տարվա հունվարի 1-ից:
Առաջարկվում է սահմանել, որ ՀԴՄ-ների առավելագույն գինը հաստատում է հարկային մարմնի ղեկավարը:

















































