Գերմանիան ճանաչում է ՀՀ դպրոցական ատեստատները. հայ շրջանավարտները կարող են դիմել գերմանական բուհեր
ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հայտնել է, որ ԳԴՀ պատկան մարմինների կողմից հաստատվել եւ ուժի մեջ է մտել Գերմանիայի լուսավորության եւ մշակույթի հարցերով նախարարների Համաժողովի մասնագիտական խորհրդի կողմից ներկայացված՝ ՀՀ միջնակարգ դպրոցի 12-ամյա դպրոցական կրթության «Միջնակարգ (ընդհանուր) կրթության ատեստատ»-ների գնահատման եւ ճանաչելու մասին որոշումը:
Հայաստանի ԱԳՆ-ից հայտնում են, որ որոշման համաձայն՝ 2018 թվականից ՀՀ 12-ամյա դպրոցական կրթության ավարտական վկայականներ ստացած շրջանավարտներն ուղիղ կարող են դիմել Գերմանիայում բուհ ընդունվելու համար՝ բոլոր մասնագիտություններով։ Մասնագիտական ուղղվածություն ունեցող դպրոցների շրջանավարտներն իրենց 12-ամյա դպրոցական կրթության ավարտական վկայականներով հնարավորություն ունեն ուղիղ դիմել գերանական բուհեր՝ մասնագիտական ուղղվածությամբ ֆակուլտետներ։
Այս կանոները գործում են 2018/2019թթ․ ձմեռային կիսամյակից սկսված /համապատասխանաբար՝ գերմանական բուհեր դիմելու ժամկետները հաշվի առնելով/։
Որոշումը տեղադրված է ԳԴՀ լուսավորության եւ մշակույթի հարցերով նախարարների Համաժողովի արտասահմանյան կրթական վկայագրերի ճանաչման տեղեկատվական համակարգի՝ www.anabin.kmk.org պաշտոնական կայքէջում։

















































