«ՀԷՑ»-ի Սիսիանի մասնաճյուղի փոխտնօրենը փայտով հարվածել է քաղաքացուն եւ կյանքին սպառնացող վնաս պատճառել
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քննված` դիտավորությամբ կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս պատճառելու հանցագործության դեպքի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը:
Հատուկ քննչական ծառայությունից հայտնում են, որ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի Սիսիանի էլեկտրական ցանցերի փոխտնօրեն Արմեն Մարգարյանը հարվածել է Գ. Ղազարյանի գլխին եւ վերջինիս պատճառել ծանր մարմնական վնասվածքներ:
Այսպես, Արմեն Մարգարյանը 2017 թվականի փետրվարի 23-ին տեղեկանալով, որ իր անասնաֆերմայի տարածքում անձնական խնդիրների շուրջ վիճաբանություն է սկսվել Սյունիքի մարզի բնակիչ Գ. Ղազարյանի եւ անասնաֆերմայի աշխատակից Ն. Զաքարյանի միջեւ, գնացել է վիճաբանության վայր: Այնտեղ Ա. Մարգարյանը մոտեցել է Գ. Ղազարյանին եւ վերջինիս մարմնական վնասվածք հասցնելու դիտավորությամբ փայտով հարվածել նրա գլխին՝ վերջինիս պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ:
Արմեն Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:
Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Այն մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:

















































