ՀԱԷԿ-ի առաջին էներգաբլոկը դոնոր կդառնա երկրորդ էներգաբլոկի վերազինման համար
Հայկական ատոմային էլեկտրակայանում երկրորդ էներգաբլոկի համակարգերի, կառուցվածքների եւ սարքավորումների համապարփակ հետազոտություններն ավարտվել են. հաջորդ փուլով նախատեսվում է իրականացնել ՀԱԷԿ-ի համակարգերի, սարքավորումների եւ կառուցվածքների փոխարինում կամ վերանորոգում, հաղորդում է «ԷկոԼուրը»:
Աշխատանքներն իրականացվում են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի շրջանակներում: Սույն թվականի մայիսի 3-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ներդրումային պլանին եւ դրանից բխողմիջոցառումների իրականացմանը: Գործադիրի որոշման նպատակն է հստակեցնել ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետիերկարաձգմանն ուղղված աշխատանքները եւ դրանց իրականացման ժամկետները:
Ըստ որոշման փաստաթղթերի` ՀԱԷԿ-ի առաջին էներգաբլոկի այն տեղակայանքները, համակարգերը եւ սարքավորումները, որոնք պիտանի են հետագա շահագործման համար, կօգտագործվեն երկրորդ էներգաբլոկի հուսալի եւ անվտանգ շահագործման համար: Երկրորդ էներգաբլոկի աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարումն ապահովելու նպատակով կիրականացվեն առաջին էներգաբլոկի աշխատած միջուկային վառելիքի պահման ավազանի վերանորոգման եւ արդիականացման աշխատանքներ:
Նշենք, որ ՀԱԷԿ-ի առաջին էներգաբլոկը գործարկվել է 1976 թ-ին: Այնուհետեւ 1989 թվականի փետրվարից գտնվում է երկարատեւ կանգառի ռեժիմում: Իսկ երկրորդ էներգաբլոկը շահագործման է հանձնվել 1980 թ-ին, 1989թ-ից գտնվել է երկարատեւ կանգառի ռեժիմում: Երկրորդ անգամ այս էներգաբլոկը շահագործման է հանձնվել 1995 թվականին:
ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը լրացել է 2016թ-ին, սակայն ՀՀ իշխանությունները որոշեցին երկարաձգել էներգաբլոկի շահագործման ժամկետը`հաշվի առնելով ատոմակայանի փակվելու հետեւանքով բազիսային հզորությունների լուրջ պակասի առաջ կանգնելու ռիսկը: ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի ժամկետի երկարաձգման աշխատանքների համար Ռուսաստանի Դաշնությունը հայաստանին տրամադրեց 270 միլիոն դոլլարի վարկ եւ 30 միլիոն դոլարի դրամաշնորհ:

















































