Գիտնականները քաղցկեղի բուժման նոր մեթոդներ են փորձարկում
Քաղցկեղի բուժման նոր մեթոդների որոնումներն ու փորձարկումները շարունակվում են։ Առողջապահական համակարգում այժմ փորձարկվում է մի նոր համակարգ, որը կոչվում է mRNA։ Այն հարմարեցված է կոնկրետ հիվանդի մոտ հայտնաբերված ուռուցքին։ Այսինքն բուժման մեթոդը անհատականացվում է։
Այս ուղղությամբ քաղցկեղի բուժման իրենց տարբերակն են փորձարկում Moderna և Merck ընկերությունները։ Այդ փորձարկման արդյունքները մասնագետների ուշադրությանն են արժանացել։ Կարծիքներ կան, որ այդ մեթոդը կարող է փոխել քաղցկեղի բուժման հեռանկարների վերաբերյալ ընդհանուր մոտեցումները։
Ամերիկյան երկու խոշոր դեղագործական ընկերություններ՝ Moderna-ն և Merck-ը հայտարարել են մաշկի ագրեսիվ քաղցկեղի՝ մելանոմայի դեմ անհատականացված բուժման նոր մեթոդի՝ mRNA-ի փորձարկումների երրորդ փուլի հաջող արդյունքների մասին։ Հազարից ավելի հիվանդների փորձնական բուժումը այդ ընկերությունների մշակած դեղամիջոցով որոշակի արդյունք է տվել՝ նվազել է վիրահատությունից հետո մելանոմայի կրկնվելու և տարածվելու վտանգը։
Մասաչուսեթսի «Բրիգեմ» ինստիտուտի մաշկային ուռուցքաբան, դոկտոր Ռայան Սալիվանը, որն ուսումնասիրում է mRNA տեխնոլոգիայի կիրառումը քաղցկեղի բուժման ժամանակ, փորձարկումների արդյունքն այսպես է նկարագրում․
«Սա, իսկապես, մեծ նշանակություն ունի։ Սա նոր դեղամիջոցի երրորդ փուլի կլինիկական փորձարկում է, որտեղ հիվանդները պատահականության սկզբունքով խմբերի են բաժանվել, և այն, կարծես, դրական արդյունք է տվել»։
Թեև նոր դեղամիջոցը պատվաստանյութ է համարվում, մասնագետները հստակեցնում են, որ խոսքը սովորական կանխարգելիչ պատվաստման մասին չէ։ Այս բուժումը նախատեսված է այն մարդկանց համար, որոնք արդեն վիրահատվել են, ուռուցքը հեռացվել է, սակայն հիվանդության կրկնության վտանգը պահպանվում է։ Ուռուցքը հեռացնելուց հետո բժիշկները ուսումնասիրում են դրա գենետիկական առանձնահատկությունները, որոնց հիման վրա էլ կազմակերպվում է անհատականացված բուժումը, ասում էդոկտոր Ռայան Սալիվանը․
«էությունը հետևյալն է․ նախ պարզում ենք, թե ինչով է ուռուցքը տարբերվում։ Հետո փորձում եք հասկանալ՝ իմունային համակարգն այդ տարբերություններից որը կարող է ճանաչել։ Դրանից հետո կանխատեսման մոդելի միջոցով որոշում ենք, թե այդ տարբերություններից որոնք պետք է թիրախավորել պատվաստանյութով։ Եվ դրանից հետո պատվաստում ենք»։
Moderna-ի և Merck-ի առաջարկած այս մեթոդով կարելի է յուրաքանչյուր հիվանդի ուռուցքին բնորոշ մինչև 34 տարբեր փոփոխություն թիրախավորել ։ Այսինքն՝ բուժման հիմնական առանձնահատկությունն այն է, որ այն նույնը չէ բոլոր հիվանդների համար։
Ուռուցքաբան դոկտոր Մատեո Կարլինո Բուժման ասում է՝ նոր մեթոդի կիրառումը որոշվում է յուրաքանչյուր առանձին հիվանդի ուռուցքի ուսումնասիրությունից հետո։
«Սա չափազանց անհատականացված բուժում է։ Անհատականացված բժշկության մեծ մասում ուռուցքի գենետիկական վերլուծություն են անում և ասում՝ ձեր ուռուցքն ունի այս կամ այն մուտացիան։ Այդ մուտացիան կարող է հանդիպել հիվանդների 40-50 տոկոսի, կամ ընդամենը 1-2 տոկոսի դեպքում»։
Սակայն, ինչպես բացատրում է մասնագետը, միայն այս կամ այն մուտացիան հայտնաբերելը դեռ բավական չէ․
«Բայց դա դեռ լիովին անհատականացված չէ։ Իսկ այստեղ այդ փոփոխությունն իսկապես հատուկ պետք է լինի տվյալ մարդուն»։
Բայց հիմա մասնագետների համար գլխավոր հարցն է՝ կկարողանա նույն մոտեցումն աշխատել նաև այլ տիպի քաղցկեղի դեպքում։ Moderna-ն և Merck-ն արդեն ուսումնասիրում են այս տեխնոլոգիայով թոքերի, միզապարկի և երիկամի քաղցկեղի բուժման հնարավորությունները։ Սակայն միշտ չէ, որ փորձարկումները դրական արդյունք են տվել։ Ուշագրավ է, որ գերմանական կենսատեխնոլոգիական BioNTech ընկերությունը դադարեցրել է հաստ աղու քաղցկեղի բուժման անհատականացված mRNA մեթոդի իր փորձարկումը՝ արդյունավետության պակասի պատճառով։
Այսպիսով, ըստ մասնագետների, մելանոմայի դեպքում ստացված արդյունքը դեռ համընդհանուր լուծում չէ։ Բաց է մնում նաև բուժման այդ մեթոդի հասանելիության հարցը․ յուրաքանչյուր հիվանդի համար անհատական բուժում կազմակերպելը բարդ է և ժամանակատար։ Բայց եթե առաջիկա փորձարկումներով պարզվի, որ այս մոտեցումն արդյունավետ է նաև այլ ուռուցքների դեպքում, քաղցկեղի բուժման գաղափարախոսությունը կարող է փոխվել՝ «մեկ դեղ բոլորի համար» սկզբունքից դառնալով «բուժում՝ ըստ անհատական առանձնահատկությունների»։
armradio.am


















































Բնակարանների վարձակալության կեղծ հայտարարություններով քաղաքացիներից գումար են հափշտակում (տեսանյութ)
Փաշինյանը Մոդիի հետ քննարկել է մի շարք ոլորտներում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր (տե...
Բրեդլի Բարկոլան պաշտոնապես «Լիվերպուլի» կազմում է
Սեպտեմբերի 1-ից տեսական քննությունները կանցկացվեն ըստ կարգերի խմբավորված հարցաշարերի
Բիշքեկում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը (տեսանյութ)
Ես կնախընտերեի Կվարացխելիային «Պարի Սեն-Ժերմենից». Միշել Պլատինի
Քննարկվել է ԱՄՆ-Ռուսաստան երկկողմ գործակցությունը ֆինանսական ոլորտում
«Մամ, իսկ դու ինձ դպրոցո՞ւմ սպասելու ես»․ առաջին դասարանցու առաջին մեծ սթրեսը
Ճամբարակում կայացել է «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնը (ֆոտոշարք)
ԱՄՆ-ն և Իրանը շաբաթների դադարից հետո վերսկսել են փոխադարձ հարձակումները