Իսրայելը կուժեղացնի հարվածները Լիբանանում գործող Հեզբոլահի դեմ
Իսրայելը կուժեղացնի հարվածները Լիբանանում գործող Հեզբոլահի դեմ, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ BBC-ին, վկայակոչելով իսրայելական ԶԼՄ-ները, հայտնում է, որ Նեթանյահուն բանակին հրահանգել է «էլ ավելի սեղմել գազի ոտնակը» եւ ընդլայնել ռազմական արշավը արմատական շիա խմբավորման դեմ։
Թել Ավիվը պնդում է, որ Լիբանանի կառավարության հետ ապրիլի 16-ին հաստատված հրադադարից հետո Հեզբոլահի արձակած ԱԹՍ-ների հարվածների հետեւանքով զոհվել է 24 մարդ։ Մասնավորապես, կիրակի օրը զոհվել էր մեկ զինվոր։ Միեւնույն ժամանակ, լիբանանյան կողմը հայտնում է Լիբանանում ավելի քան 400 զոհի մասին։
Ընդլայնված արշավի շրջանակում` Իսրայելի պաշտպանության բանակի թիրախում են հայտնվելու Լիբանանի Արեւելքում` Բեքաայի հովտում գտնվող Հեզբոլահի օբյեկտները։
Նեթանյահուի հայտարարությունը հնչել է այն պահին, երբ Իրանի բարձրաստիճան ներկայացուցիչները ժամանել են Դոհա՝ ԱՄՆ-ի հետ հնարավոր համաձայնագրի շուրջ բանակցությունների համար։ Միեւնույն ժամանակ, եւ Վաշինգտոնը, եւ Թեհրանը նախկինում նշել էին, որ բանակցություններում արագ բեկում ակնկալել պետք չէ։
Նեթանյահուն ավելի ու ավելի մեծ ճնշման է ենթարկվում իր կառավարության ծայրահեղ աջ թեւի կողմից, որը պահանջում է լիբանանյան ուղղությամբ ինքնուրույն գործել` առանց Վաշինգտոնի կողմը նայելու։
«Մեր զինվորներին սպանող հարվածային ԱԹՍ-ները ճակատագրի դատավճիռ չեն։ Յուրաքանչյուր նման դրոնի դիմաց Բեյրութում պետք է տասը շենք փլվի»,- հայտարարել է Իսրայելի ֆինանսների նախարար Բեցալել Սմոտրիչը։
Մեկ այլ ծայրահեղ աջ քաղաքական գործիչ՝ Իսրայելի ներքին անվտանգության նախարար Իթամար Բեն Գվիրը, հայտարարել է, որ Իսրայելը չպետք է «սովորի ապրել» ԱԹՍ հարձակումների պայմաններում։
«Վարչապետը պետք է բռունցքով խփի Դոնալդ Թրամփի սեղանին եւ ասի, որ մենք վերադառնում ենք պատերազմի Լիբանան»,- ասել է Բեն-Գվիրը։
Կիրակի օրը` ամերիկա-իրանական բանակցություններում հնարավոր առաջընթացի մասին հաղորդումների ֆոնին, Նեթանյահուն հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահ Թրամփի հետ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը համաձայնել են, որ Իսրայելը պահպանում է «բոլոր ճակատներում», այդ թվում՝ Լիբանանում, ցանկացած սպառնալիքի դեմ գործելու իրավունքը։
Երկուշաբթի երեկոյան Իսրայելի վարչապետը վերահաստատել է այդ դիրքորոշումը Telegram-ում հրապարակված տեսաուղերձում։
«Մենք գտնվում ենք Հեզբոլահի դեմ պատերազմի մեջ եւ կուժեղացնենք մեր հարվածները։ Բանակը ոտքը չի հանում գազի ոտնակից։ Ընդհակառակը՝ ես հրամայել եմ ավելի ուժեղ սեղմել»,- ասել է նա։
Նեթանյահուի տեսաուղերձից հետո Բեյրութի հարավային արվարձանների բնակիչները սկսել են լքել իրենց տները՝ վախենալով իսրայելական լայնածավալ ռմբակոծությունների վերսկսումից, հայտնել են լիբանանյան անվտանգության աղբյուրները։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել և ձերբակալվել է. ՆԳՆ