Կլիմայի փոփոխությունը նպաստում է մորեխների գրոհին
Աֆրիկայի մի շարք երկրներում մորեխների արագ տարածումը պայմանավորված է կլիմայի փոփոխությամբ` մարդու գործունեության հետեւանքով: Այս եզրակացությանն են հանգել Կլիմայի կանխատեսման արեւելաֆրիկյան կենտրոնի (ICPAC) մասնագետները, որոնք սերտ համագործակցում են Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպության (ՀՕԿ) հետ, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ինչպես բացատրել են ՀՕԿ-ի Ժնեւի գլխավոր գրասենյակից, «թեեւ անապատային մորեխները հայտնի են բիբլիական ժամանակներից, վերջին ինտենսիվ գրոհները կարող են պայմանավորված լինել կլիմայի անթրոպոգեն փոփոխությամբ եւ եղանակային արտակարգ երեւույթների հաճախականությամբ»: Ըստ ICPAC-ի գիտնականների, «կլիմայի փոփոխությունը, ինչպիսիք են ջերմաստիճանի բարձրացումը, անապատային տարածքներում տեղատարափ անձրեւները եւ արեւադարձային ցիկլոնների հետ կապված ուժեղ քամիները, նոր միջավայր են ապահովում վնասատուների բազմացման, զարգացման եւ միգրացիայի համար»: Փորձագետների կարծիքով՝ «գլոբալ տաքացումն իր դերն է խաղացել այն պայմանների ստեղծման գործում», որը հարմար է մորեխների քանակական կտրուկ աճի եւ գոյատեւման համար:
Nature Climate Change գիտական ամսագրում հրապարակված հոդվածում ICPAC-ի մասնագետները ուշադրություն են դարձրել Հնդկական օվկիանոսի տաքացմանը, ինչպես նաեւ տարածաշրջանում ուժեղ արեւադարձային ցիկլոններին, հորդառատ անձրեւներին եւ ջրհեղեղներին՝ որպես վնասատուների ներկայում տարածման կարեւոր գործոն: Ըստ գիտնականների, «մորեխների վերջին բռնկումները» կարելի է համարել «ոչ միայն ջերմաստիճանի փոփոխության, այլեւ արտակարգ եւ անկանխատեսելի (բնական) երեւույթների աճի» հետեւանք:
ՀՕԿ-ը հիշեցնում է, որ մորեխների գրոհի առաջին ալիքը 2019-ի վերջին Եթովպիայում հանգեցրեց գյուղատնտեսական բույսերի ոչնչացմանը՝ 70 հազար հեկտարի վրա: Ընդհանուր առմամբ, Եթովպիայում դեկտեմբերից մինչեւ մարտ միջատները վնասել են 114 հազար հեկտար եգիպտացորեն, 41 հազար հեկտար ցորեն եւ 36 հազար հեկտար սորգո:
Վերջին մի քանի շաբաթների ընթացքում մորեխների առկայություն է գրանցվել Քենիայի հյուսիսային շրջաններում եւ Եթովպիայի արեւելքում ու հյուսիս-արեւելքում: Սա նշանակում է, ինչպես ընդգծում են գիտնականները, որ չնայած մորեխների դեմ պայքարին, այդ միջատների թիվն աճում է: Ուգանդայում, հարավային եւ արեւելյան Սուդանում, արեւելյան Եթովպիայում եւ Սոմալիի հյուսիսում միջատների բազմացման համար շատ նպաստավոր պայմաններ են ստեղծվել։
Վերջերս հրապարակված զեկույցում ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության փորձագետները եզրակացրել են, որ, Սոմալիի հյուսիսում մորեխների տարածումը հաշվի առնելով, կարելի է սպասել ամառային բազմացման շրջանում դեպի Հնդկաստան եւ Պակիստան դրանց գաղթի։
Անապատային մորեխների ներկայիս կտրուկ քանակական աճը սկսվել է Եմենից, որտեղ անցյալ տարի բարենպաստ պայմաններ ստեղծվեցին դրանց արագ բազմացման համար: Եմենից շատակեր հրոսակները անցած գարնանը շտապեցին Աֆրիկա եւ Հինդուստան: Կարմիր ծովով թռչելիս վնասատուները իջան Եթովպիայի արեւելյան շրջաններում եւ Սոմալիի հյուսիս-արեւմուտքում, իսկ այնտեղից նրանք ներխուժեցին Քենիա, Ուգանդա, Սուդանի հարավ-արեւելք եւ Եթովպիայի հարավ-արեւմուտք:
Իր հերթին, Սաուդյան Արաբիայով եւ հարավային Իրաքով Եմենից դեպի արեւելք ճանապարհորդող միջատները հասան Իրան: Տուժեց նաեւ Պակիստանը: Հնդկաստանում այս տարի մորեխների գրոհը ամենամեծն էր 26 տարվա ընթացքում, սպասվում է երկրորդ ալիք:


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Փոփոխություններ են նախատեսվում «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում