Հանձնարարականը տրված է, այն պետք է կատարվի, ես Ձեզ ձայն նույնիսկ չեմ տալիս. վարչապետը՝ արդարադատության նախարարին
Այսօր կառավարությունը որոշում կայացրեց քրեակատարողական ծառայողների աշխատավարձը 30 տոկոս բարձրացնել: Հարցը զեկուցեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Վարչապետը նշեց, որ իրավապահ համակարգը նոր տեմպով և թափով պետք է աշխատի:
Նա նաև կարևորեց քրեակատարողական հիմնարկների սննդի կազմակերպման նոր կարգը, և նշեց, որ ՔԿՀ-ներում, որտեղ սնունդը նոր կարգով է տրամադրվում, կալանավորների 100 տոկոսն օգտվում է, իսկ նախկին համակարգում շատ վատ վիճակ էր, և նախկինում 10-20 տոկոսն էր երևի օգտագործում: «Սա նաև դատապարտված և կալանավորված անձանց սոցիալական բեռի էական թեթևացում է, և այսօր ՔԿՀ-ում ունենք թափուր աշխատատեղեր: Պատճառն այն էր, որ աշխատավարձերը ցածր էին, ռիսկայնությունը բարձր էր»,-ասաց նա և նշեց, որ այս որոշմամբ դե ֆակտո նոր աշխատատեղեր են ստեղծում:
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հարց բարձրացրեց վերաբաշխումների վերաբերյալ, և վարչապետը արձագանքեց. «Մենք պայմանավորվել ենք սկզբում, որ ոլորտում առկա գումարների մեջ վերաբաշխում ենք անում հիմիկվանից խնդիրը լուծելու համար, որ պահին տեսնենք, որ լրացուցիչ հատկացում անելու կարիք կա, դա կանենք, այդ սկզբունքը պետք է պահվի»:
Աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն ասաց, որ այդ հանձնարարականը մոտ երկու շաբաթ առաջ շրջաբերականով բոլոր մարմիններին ուղարկվել է և վարչապետն արձագանքեց. «Էդ էլ հո կուլտուրա է, որ հանձնարարականը շրջաբերականով ուղարկում ենք, բայց կյանքը իրա համար հին ձևով պտտվում է»:
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ սա ուղղակի տեխնիկական խնդիր է, սակայն հաշվի առնելով արդարադատության ծախսերի կառուցվածքը և նաև նախորդ տարվա կատարողականը, այնպես գիտենք, որ այս գումարի կարիքը լինելու է, և վարչապետն ասաց, որ երբ կլինի գումարի կարիքը, կտան, իսկ հիմա պետք է ներքին վերաբաշխումների հաշվին անեն: «Այդ մեկ միլիարդն ամբողջ տարվա համար է: Հանձնարարականը տրված է, հանձնարարականը պետք է կատարվի, քննարկման բան նույնիսկ չկա, և ես Ձեզ ձայն նույնիսկ չեմ տալիս»,-ասաց վարչապետը՝ իր խոսքը ուղղելով ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին:
Անդրադառնալով կապիտալ ծախսերին՝ վարչապետն ասաց, որ ռեկորդային կապիտալ ծախսեր են նախատեսել և գիտեն, որ հարյուր տոկոսով չենք կատարելու: Նա նշեց, որ թեև հույս ունեն, որ շատ կլինի, բայց վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ դեռ հեռու են հարյուր տոկոս կատարողականից: «Դրա համար եռամսյակը մեկ մենք վերլուծելու ենք, թե կապիտալ ծախսերը ոնց են արված: Ես ամեն անգամ այդ խնդիրը դնում եմ, որ մայիսի մեկի դրությամբ իմանալու ենք ինչ ենք ծախսել առաջին եռամսյակում և ինչը չենք ծախսել, եթե պարզվի, որ հարյուր տոկոսով ծախսել ենք, շատ ավելի լավ: Ոչ մի ծրագիր կիսատ չի մնալու, ոչ մի պարտավորություն անկատար չի լինելու, ուրախ եմ, որ բյուջետային կարգավորման նոր որակի ենք հասել»,-ասաց նա:
Այնպիսով՝ վարչապետը, ամփոփելով, ասաց, որ կարող են արձանագրել, որ պայմանավորվել են Արդարադատության նախարարության հետ աշխատավարձերի բարձրացումը անել վերաբաշխումներով:
Ըստ նախագծի՝ քրեակատարողական ծառայության հաստիքացուցակում 2019 թվականի օգոստոս ամսվա դրությամբ արձանագրված թափուր հաստիքների քանակը կազմում է 179, որի գերակշռող մասը` 112 հաստիք, կազմում են քրեակատարողական հիմնարկի առաջատար և կրտսեր խմբի պաշտոնները:
Մասնավորապես, նոր աշխատանքի ընդունված քրեակատարողական ծառայության կրտսեր մասնագետի պաշտոնային դրույքաչափը ըստ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հավելվածի կազմում է 117.068 ՀՀ դրամ, իսկ ՀՀ կառավարության 2014 թ. N 710-Ն որոշման համաձայն տրվող լրավճարով՝ 164.850 ՀՀ դրամ, որի դեպքում առձեռն վճարվող աշխատավարձը կազմում է ընդամենը 125.192 ՀՀ դրամ:
Կրտսեր մասնագետին վճարվում է նաև 35.120 ՀՀ դրամի չափով հաշվարկային պարգևատրում, ինչի արդյունքում կրտսեր մասնագետին առձեռն վճարվող վարձատրության ընդհանուր գումարը կազմում է 150.478 ՀՀ դրամ։
Առնվազն 20 տարվա ծառայության ստաժ ունեցող քրեակատարողական հիմնարկի պետին առձեռն վճարվող աշխատավարձը կազմում է 317.940 ՀՀ դրամ, պարգևատրման գումարի հետ՝ 411.372 ՀՀ դրամ։
ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ նախատեսվում է 1,578,585.7 հազ. դրամ ծախu աշխատավարձերի բարձրացման համար:


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Մենք գլուխ ենք խոնարհում զոհերի հիշատակի առջև և մեր համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին. Չեխ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ