Իշխանությունը, ցավոք, միացրել է իր ինքնաարժեզրկման մեխանիզմը. Վահե Հովհաննիսյան
Tert.am-ը «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի հետ զրուցել է ՍԴ-ի շուրջ տեղի ունեցող զարգացումների շուրջ: Վերջինիս կարծիքով՝ ՍԴ-ի վրա արդեն մեկ տարի անթաքույց ճնշումներ են արվում, որոնք ժամանակ առ ժամանակ գռեհիկ, կրիմինալ բնույթ են կրում։ Նրա խոսքով՝ պետական համակարգը, իրավապահները գործում են մեկ մարդու ցանկությունների տիրույթում։ Ըստ նրա՝ եթե այսօր իշխանություններին հաջողվի ՍԴ-ի հարցում ունենալ հաջողություն, ապա վաղը ցանկացած պահի ցանկացած մեկին մեղադրելու են հասարակական վստահություն չունենալու մեջ. ով կգործի մեկ մարդու կամքին հակառակ, կմեղադրվի դրա մեջ։
- Պարոն Հովհաննիսյան «Ազատություն ռադիոկայանի» եթերում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարել է. «Մենք մեզ չենք կարող թույլ տալ ունենալ հասարակության վստահություն չունեցող ՍԴ»: ՍԴ-ն իրո՞ք վստահություն չունի հասարակության մեջ. մասնագետները պնդում են՝ իշխանությունները ցանկանում են իրեն հնազանդ ՍԴ, այս մասին ի՞նչ եք կարծում:
- Նախքան բուն հարցին պատասխանելը, շատ կարևոր է պատկերացնել երկրում ընթացող պրոցեսների տրամաբանությունը։ Իշխանությունը, ցավոք, միացրել է իր ինքնաարժեզրկման մեխանիզմը։ Ինչո՞ւ ցավոք, որովհետև հասարակության մեջ կար ահռելի սպասում՝ փոփոխությունների, առաջընթացի, գրագետ լուծումների և այլն։ Դրանից հիմա գրեթե բան չի մնացել։ Սա հասկանում է նաև իշխանությունը, որն սկսում է գործել արդեն՝ «իշխանություն, հանուն իշխանության տրամաբանության» մեջ։ Իսկ սա արդեն լրիվ այլ բան է ենթադրում։ Որքան իշխանության վարկանիշն անկում ապրի, որքան արագ սկսեն կորցնել հանրային վստահությունը, այնքան քաղաքական իշխանության նեղ խումբը մեղադրելու է մյուսներին՝ հասարակական վստահություն չունենալու մեջ և հենվելու է միայն ռեպրեսիաների վրա։ Սա շատ պարզ հոգեբանություն է, բայց ամեն նման դրվագից հետո, իշխանության արժեզրկումը ավելի ինտենսիվ է գնալու։ Այսօր թեման ՍԴ-ն է, վաղը՝ ցանկացած այլ պետական ինստիտուտ կամ անհատ։ Եթե այսօր հաջողվի, ապա վաղը ցանկացած պահի ցանկացած մեկին մեղադրելու են հասարակական վստահություն չունենալու մեջ. ով կգործի մեկ հոգու կամքին հակառակ կմեղադրվի դրա մեջ։ Ու ոչ ոք հարկ չի համարի նույնիսկ բացատրել՝ ինչպե՞ս են չափում հասարակական վստահություն ասվածը, ո՞վ է չափում, որո՞նք են չափանիշները։
- Ինչո՞ւ նույն ԱԺ-ն չի ձեռնարկում քայլեր, օրինակ, ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի լիազորությունները դադարեցնելու համար, նա ունի՞ հասարակության վստահությունը:
- Իշխանությունը իրականությունը բաժանել է «մեզ հետ կամ մեր դեմ» ճամբարների։ Գործում է երկու ստանդարտ, ինչն արդեն արժեզրկում է ոչ միայն իշխանությունը, այլև՝ պետությունը։ Սա շատ վատ բան է։ Բայց որևէ մեկը չունի իրավական պաշտպանվածություն, որևէ երաշխիք, որ վաղը չի հայտնվի «ոչ բարեկամների դաշտում»։ Պետական համակարգը, իրավապահները գործում են մեկ մարդու ցանկությունների տիրույթում։ Այսօր Վահե Գրիգորյանի, մյուսի, երրորդի հանդեպ գործում է «կարելիի» սկզբունքը ու ամեն ինչ կարելի է, վաղը փոխվի քաղաքական նպատակահարմարությունը, մեկ վայրկյանում բարեկամը կհռչակվի հակառակորդ ու կգործի լրիվ այլ սկզբունք։ Սա այս պահի «յուրայինները» պետք է շատ լավ հասկանան։ Սա պարզունակ, անհեռանկար կառավարման մոդել է։ Ինքն իր տեսակով քայքայիչ է, բայց 21-րդ դարում չի կարող երկար տևել։
- Որքանո՞վ է ԱԺ նախագահի լիազորություններին վերաբերում ՍԴ մասին նման հայտարարություններ անելը, սա ի՞նչ է ենթադրում: Արդյոք սա չի՞ ենթադրում ճնշում ՍԴ վրա:
- Պետական վերնախավը այսօր ունի մեկ ֆունկցիա. տիրաժավորել մեկ մադրու ասածները, տրամադրությունները, ցանկությունները։ Այս կերպ մոտիվացված իշխանության պայմաններում խոսել լիազորությունների պահպանման, գործառույթների տարանջատման մասին՝ անլուրջ է։ Ինչ վերաբերում է ՍԴ-ի վրա ճնշումներին, ապա դա արդեն մեկ տարի անթաքույց է արվում, ժամանակ առ ժամանակ կրելով՝ գռեհիկ, կրիմինալ բնույթ։


















































Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը