Տավարաբուծության զարգացման ծրագրի շրջանակներում Հայաստան է ներկրվել եւս 30 տոհմային երինջ
«Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման» ծրագրի շրջանակներում դեկտեմբերի 16-ին Հայաստան է բերվել կենդանիների հերթական խմբաքանակը` 30 գլուխ սիմենթալ եւ հոլշտին ցեղերի տոհմային երինջ: Կենդանիները ներկրվել են Չեխիայի Հանրապետությունից՝ «Գրանդ Միլք» ընկերության կողմից, որը ծրագրի շրջանակում առաջին անգամ է կազմակերպում կենդանիների ներմուծում հանրապետություն:
Ընդհանուր առմամբ, ծրագրով հանրապետություն է ներկրվել եւ հաշվառվել արդեն իսկ 136 գլուխ տոհմային երինջ, որոնց գերակշիռ մասը ձեռք են բերել Վայոց ձորի մարզի տնտեսվարողները, ինչպես նաեւ Տավուշի եւ Շիրակի մարզերի ֆերմերները:
«Նշված ծրագրի շրջանակներում արդեն ստացվել է շուրջ 300 գլուխ տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներ ներկրելու հայտ, ընդ որում, նշված խմբաքանակի մասով ֆինանսական կառույցները տվել են նաեւ ֆինանսավորման դրական եզրակացություն», - նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության առաջնային արտադրանքի վարչության պետ Լեւոն Տեր-Իսահակյանը:
Վարչության պետը նաեւ տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսվում է ներկրել եւս 163 տոհմային կենդանի, որոնց գերակշիռ մասը` 123 գլուխ, նույնպես ձեռք են բերվելու Վայոց ձորի տնտեսվարողների կողմից:
«Գրանդ Միլք» ներկրող կազմակերպության տնօրենի օգնական Աննա Քեշիշյանն անդրադարձել է ծրագրի իրականացմանը խոչընդոտող հանգամանքներին, որոնց հիմնական մասը վերաբերում է գրավադրմանը եւ երաշխավորի առկայությանը: «Մենք չենք վախենում դժվարություններից, հաղթահարելու ենք բոլոր խոչընդոտները եւ, հենվելով մեզ դիմող անձանց վստահության վրա` պատրաստվում ենք կրկին ներմուծել», - նշել է նա:
«Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման» ծրագրի նպատակը տնտեսավարողներին մատչելի պայմաններով, մասնավորապես՝ վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման միջոցով տոհմային ԽԵԿ-ի (խոշոր եղջերավոր կենդանիներ) մատակարարումն է, ինչը հնարավորություն կընձեռի անհայտ ծագումնաբանությամբ, վերարտադրության համար ոչ պիտանի, ցածր մթերատու կենդանիների փոխարեն նախիրները համալրել արտադրատնտեսական արժեքավոր հատկանիշներով օժտված տոհմային ԽԵԿ-ով, զարգացնել տոհմային գործը, միջցեղային տրամախաչումների միջոցով բարելավել տեղական կենդանիների մթերատվությունը, ավելացնել կաթի եւ մսի արտադրության ծավալները, նվազեցնել արտադրվող կաթի եւ մսի ինքնարժեքը՝ ներկրվող համանման արտադրանքի նկատմամբ այն դարձնելով առավել մրցունակ։
Ծրագրի շրջանակներում շահառուները կարող են ընդամենը 2% տարեկան տոկոսադրույքով սուբսիդավորվող վարկով ձեռք բերել բարձր մթերատու տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներ։ Սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների տնտեսվարողներին եւ գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող կոոպերատիվներին վարկը կհատկացվի 0% տոկոսադրույքով։ Մարման ժամկետը 5 տարի է։ Մեկ շահառուի վարկի առավելագույն չափ է սահմանվել 300 մլն դրամը։


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ