Կառավարության 2017թ-ի որոշման մի մասը բառ առ բառ արտագրված է Լիդիանի փաստաթղթից. ՀԲՃ
ՀՀ կառավարության 2017թ-ի որոշման մի մասը բառ առ բառ արտագրված է Լիդիանի փաստաթղթից: Այս մասին հայտարարություն է տարածել Հայկական բնապահպանական ճակատը:
«Շատերը տեղյակ են, թե նախորդ կառավարությունների օրոք ինչպես են գրվել բազմաթիվ օրենքներ և որոշումներ։ Դրանք հիմնականում միտված են եղել որոշակի խմբերի շահերը սպասարկելուն և նրանց անխափան գործունեությանն աջակցելուն։ Բայց մենք պատահաբար հանդիպեցինք մի ցցուն օրինակի, երբ ընդերքօգտագործման ոլորտին առնչվող որոշման մի մեծ հատված ուղղակի արտագրված է մեկ այլ փաստաթղթից։
Այսպես․ 2017թ-ի օգոստոսի 10-ի ՀՀ կառավարության նիստում (կետ 8) ընդունվել է մի որոշում, որը մշակվել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում։ Մինչ այդ տարբեր պետական կառույցներ դիտողություններ են արել, որից հետո այն լրամշակվել է ու ի վերջո ընդունվել վերջնական տեսքով։ Այդ որոշումով սահմանվել է ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների կառուցմանը ներկայացվող տեխնիկական պահանջները և չափանիշները։
Առաջին հայացքից թվումէ, թե ամեն ինչ նորմալ է։ Բայց այդ որոշումն ընթերցելիս պարզվում է, որ 4-րդ գլխի (Կույտային տարալվացման հարթակի կառուցմանը ներկայացվող տեխնիկական պահանջները և չափանիշները) կետերի մեծ մասն ու մի ամբողջ հատված (63-69 կետերը) բառ առ բառ արտագրված են Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի հանքաքարի կույտային տարրալվացման և ոսկու կորզման գործընթացների 2016թ․-ի տեխնիկական ռեգլամենտից, որը կազմել է «Գեոթիմ» (ներկայումս «Լիդիան Արմենիա») ընկերությունը։
Համոզվելու համար ներկայացնենք որոշման այդ կետերը և Լիդիանի վերոնշյալ ռեգլամենտի այն հատվածի լուսապատճենը, որտեղից արտագրված են այս կետերը․
63. Կույտային տարալվացման գործընթացի իրականացման անվտանգ կազմակերպման նպատակով անհրաժեշտ է նախատեսել սանիտարական միջոցառումներ, այդ թվում՝ ռեագենտ և սորբցիոն նյութերի կառավարման ծրագիր, քանի որ նատրումի ցիանիդի քայքայման և ցիանային՝ լուծույթներից ոսկու սորբցիայի ժամանակ գոյություն ունի թունավոր ցիանաթթվի՝ արտադրական տարածքների մթնոլորտ արտանետման վտանգ:
64. Նատրիումի ցիանիդի քայքայումը և լուծույթից ցիանաթթվի արտանետումը տարածքների մթնոլորտ նվազեցնելու համար պետք է նախատեսել նատրիումի հիդրօքսիդի ավելացումը (լրալցումը) նատրիումի ցիանիդի խիտ (10-տոկոսանոց) լուծույթի բաքերի (տարողությունների) մեջ՝ рН-ը 12-ից բարձր պահելու համար:
65. Ոսկու սորբցիայի գործընթացի առավել անվտանգ անցկացման համար լուծույթների 10-ից պակաս рН-ի նվազեցման դեպքում պետք է նախատեսել նրանց մեջ նատրիումի հիդրօքսիդի ավելացում՝ մինչև սահմանված մեծությունը:
66. Լուծիչների բաքերում և սորբցիոն սյուներում պետք է նախատեսել արտազատվող ցիանաթթվի ասպիրացիա՝ համաձայն մշակվող լուծույթների ծավալների և նրանցում նատրիումի ցիանիդի խտության:
67. Անհրաժեշտ է լուծույթների рН-ը պահել 10-11 մակարդակի վրա՝ առավել թունավոր ցիանաջրածնի առաջացումը բացառելու համար: Ցիանաջրածնային թթվի աղերի (աերոզոլի տեսքով) և ցիանաջրածնի (գազի կամ գոլորշու տեսքով)՝ մթնոլորտ արտանետումը բացառելու համար անհրաժեշտ է ամբողջ սարքավորումները տեղադրել առավելագույնս իրար մոտ, պահել որոշակի բացասական ճնշման տակ:
68. Օդափոխությունը պետք է լինի պահուստով: Քարշող օդափոխության համակարգերով հեռացվող օդը մթնոլորտ արտանետվելուց առաջ պետք է մաքրել թունավոր նյութերից՝ մինչև սահմանային թույլատրելի խտությունը չգերազանցող պարունակությունը:
69. Լուծույթների վնասազերծումը, ինչը ներառում է ցիանիդների բնական՝ մթնոլորտային, և քիմիական քայքայումը, պետք է իրականացվի տարալվացման կույտերի շահագործման ավարտից հետո:
Որոշման 69-րդ կետն էլ բառացի արտագրված է նույն ռեգլամենտից, բայց արդեն 48-րդ էջից, և այդպես շարունակ՝ ինչպես նշեցինք վերևում։
Տեսնո՞ւմ եք ինչպիսի «հոյակապ» համագործակցություն է եղել նախորդ կառավարությունների և հանք շահագործող ընկերությունների միջև։ Փաստորեն Հայաստանում կույտային տարալվացման հարթակի կառուցմանը ներկայացվող տեխնիկական պահանջները և չափանիշները կազմվել են մի ընկերության փաստաթղթից արտագրելու միջոցով, որն հենց այդ պահին սկսել էր կառուցել այդպիսի հարթակ։ Հիրավի, որ սա «փառահեղ» գաղափար է և «փառահեղ» որոշում։
Եվ սա ընդամենը մի տեսանելի օրինակ է, որը ցույց է տալիս, թե ինչպես են հիմնականում գրվել օրենքներն ու որոշումները մինչև 2018թ-ի մայիսը։ Մենք շատ պատահաբար հայտնաբերցինք այս արտագրության դեպքը, քանի որ շատ լավ ծանոթ էինք Լիդիանի 2016թ․-ի այդ տեխնիկական ռեգլամենտին։
Կարելի է միայն ենթադրել, թե դեռ քանի՞ նմանատիպ անտեսանելի, ավելի վտանգավոր ու չբացահայտված դրվագներ կան նախկինում գրված օրենքներում և որոշումներում։ Բոլորս շատ լավ գիտենք, որ դրանք հաճախ գրվել են պատվերով և հստակ ընդերքօգտագործողների շահերը սպասարկելու համար։ Դրանց գրելուն հաճախ մասնակցել են հենց հանքավայրերի լիցենզիաներ ունեցողներն ու նրանց սպասարկող իրավաբանները։ Եվ բոլորին պետք է պարզ լինի, որ հետհեղափոխական Հայաստանում կառավարությունը պարտավոր չէ հետևել և անընդհատ հղումներ անել այսպիսի եղանակներով գրված իրավական ակտերին։
Հավանական է, որ հիմա էլ այդ գրողների մեծ մասը տարբեր պաշտոններ են զբաղեցնում պետական համակարգում և այս գործելաոճը դեռ պահպանվում է։ Բնականաբար իրենք շահագրգռված չեն և չեն նախաձեռնի դրանք փոխելու գործընթաց։ Այդ պատճառով անհրաժեշտ է լուրջ գույքագրում իրականացնել, իրավական և մասնագիտական անաչառ վերլուծության ենթարկել ընդերքօգտագործման և բնապահպանական ոլորտի օրենսդրությունը, վերանայել դրանք և վերջապես ազատվել մերժվածներից մնացած կադրերից և պատվերով գրված օրենսդրությունից»,-ասված է հայտարարությունում։




















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ