Ադրբեջանցիները սիրիացի զինյալներին են մատակարարել հրազենի սարքավորումներ
Սիրիացի զինյալները հրազենի համար ջերմատեսասարքերը եւ այլ սարքավորումները ստացել են անմիջապես Մոսկվայից: ԱԴԾ-ն պարզել է, որ երկու տարի շարունակ մատակարարումներն իրականացրել են 2 ադրբեջանցիներ, որոնք փախլավայի արտադրամաս ունեին, հայտնում է «Կոմերսանտը»՝ «Փախլավան ծառայում է ահաբեկչությանը» խորագրով հոդվածում:
Արեւմտյան շրջանային 2-րդ ռազմական դատարանը հատուկ կարգով է քննել Ռասիմ Բախշիեւի եւ Էլշադ Յաղուբովի քրեական գործը, որոնք մեղադրվում են ՌԴ ՔՕ 205.1 հոդվածի 1-ին մասով նախատեսված (օժանդակություն ահաբեկչական գործունեությանը) հանցագործության կատարման մեջ: Երկու ֆիգուրանտներն էլ, որոնց ԱԴԾ-ն ձերբակալել էր 2018 թվականի օգոստոսին, իրենց մեղքն ամբողջությամբ ընդունել են եւ զղջացել՝ օգնելով քննությանը:
Պարզվել է, որ Բախշիեւն ու Յաղուբովը, որոնք 50-ն անց են, օրվա ապրուստը հոգացել են փախլավայի ոչ մեծ արտադրությամբ, որը լավ էր իրացվում մայրաքաղաքի ադրբեջանական սփյուռքի շրջանում: Սակայն 2016 թվականին հրուշակագործների հետ կապ է հաստատել Թուրքիայում բնակվող ծանոթը, որն առաջարկել է այդ երկիր մատակարարել որսորդական հրացանի համար ջերմատեսասարքեր, նշանառության սարքեր, հեռադիտակներ եւ մոնոկուլյարներ: Այս սարքերի գործարքների համար պետք չէ ունենալ Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության լիցենզիա, ինչից էլ օգտվել են ձեռնարկատերերը: Մինչեւ 2017 թվականը նրանք արտասահման իրենց գործընկերոջն ուղարկել են մոտ 30 մլն ռուբլու արտադրանք, որը միանգամայն օրինականորեն ձեռք էին բերում մայրաքաղաքային խանութներում:
Ձեռնարկատերերի պաշտպանների տեղեկություններով՝ նրանք պատկերացում իսկ չունեին, որ ջերմատեսասարքերն ու մոնոկուլյարները Թուրքիայից տեղափոխվել են Սիրիա, որտեղ օգտագործվել են տարբեր ահաբեկչական խմբերի եւ անօրինական ռազմական կազմավորումների զինյալների կողմից: «Ռասիմը եւ Էլշադը, որոնք ԽՍՀՄ-ում են ծնվել, քիչ են հետաքրքրվել քաղաքականությամբ եւ կրոնական հարցերով, ոչ մի ԻԼԻՊ-ի չեն հարել, այլ պարզապես փորձել են փող վաստակել՝ իրենց ընտանիքներին կերակրելու համար»,- «Ъ»-ին ասել է ձեռնարկատերերի ծանոթը՝ նշելով, որ Թուրքիա բուն մատակարարումների մեջ ոչ մի քրեական բան չկա:
Սակայն 2017 թվականի փետրվարին ռուսական զորքերը բռնել էին ջերմատեսասարքերի խմբաքանակ: Դրանցից ամենահասարակները կարելի է գնել 15-20 հազար ռուբլով: Առավել բարդ սարքերը, որոնք թույլ են տալիս թիրախը հայտնաբերել եւ խոցել մեկ կիլոմետրից ավելի հեռավորությամբ, կարժենան արդեն ավելի քան 1 մլն ռուբլի: ԱԴԾ զինվորական հակահետախուզության աշխատակիցները սարքերի ծագումը պարզելիս, հաստատել են, որ արտադրողներն այն ուղարկել էին Ռուսաստանում իրացնելու համար: Սարքերի վրա եղած համարներով պարզվել են խանութները, որտեղ ադրբեջանցիներն այն ձեռք էին բերել, իսկ առեւտրի կետերում թողած հեռախոսահամարներով դուրս են եկել պարոնայք Բախշիեւի եւ Յաղուբովի հետքի վրա:
Նրանց մեղադրանք է առաջադրվել ահաբեկչությանը ֆինանսավորելու միջոցով ահաբեկչական գործունեությանն օժանդակելու համար, որն արտահայտվել է օպտիկական սարքերի (ջերմատեսասարքերի եւ մոնոկուլյարների), ինչպես նաեւ դրանց աքսեսուարների մատակարարմամբ, վերջինները նախատեսված էին որպես ձեռքի մարտական հրազենի կախովի սարքավորում: Փորձագետների եզրակացությամբ՝ դրանք կարող էին օգտագործվել թիրախային կրակոցների համար հայտնաբերված ջերմակոնտրաստային թիրախների վրա՝ ի դեմս ռուսաստանցի զինծառայողների եւ սիրիացի առաջնորդ Բաշար Ասադի կողմնակիցների: Դրանից բացի, նրանց լրացուցիչ մեղսագրվում է Ռուսաստանում Տաջիկստանի քաղաքացիների օրինականացմանը աջակցության ցուցաբերումը:
Քննությամբ անցնող անձանց սպառնում էր 5-ից մինչեւ 15 տարվա ազատազրկում, բայց դատարանը, հաշվի առնելով մեղադրյալների օգնությունը, սահմանել է 6 տարվա պատժաժամկետ: Ընդ որում՝ նրանք պատիժը պետք է կրեն ոչ թե խիստ, այլ ընդհանուր ռեժիմի գաղութում, ինչը ընձեռում է վաղաժամկետ պայմանական ազատվելու հնարավորություն:
Դատապարտյալների պաշտպաններն, այդուհանդերձ, դատավճիռը բողոքարկել են Գերագույն դատարանի զինծառայողների գործերով կոլեգիայում՝ այն անարդարացի անվանելով չափից ավելի «խիստ» լինելու պատճառով: Փաստաբան Իրինա Օստաեւան, մասնավորապես, նշել է, որ պարոն Յաղուբովը ընտանիքի միակ կերակրողն է, նրա խնամքին են կինը եւ հիվանդություններ ունեցող դուստրը: Պաշտպանության վարկածով՝ նա հանցագործությունները կատարել է «ծանոթին (Բախշիեւին) օգնելու եւ ընտանիքի համար փող վաստակելու նպատակով»:
Գերագույն դատարանը, բողոքները մերժելով, նշել է, որ դատավճիռը կայացնելիս մեղքը մեղմացնող բոլոր հանգամանքները հաշվի են առնվել: Մասնավորապես՝ դատապարտյալների նկատմամբ չի կիրառվել լրացուցիչ պատիժ տուգանքի ձեւով, որը նախատեսված է Քրեական օրենսգրքի 205.1 հոդվածով: Դատապարտյալների Թուրքիայից գործընկերը մինչեւ հիմա միջազգային հետախուզման մեջ է:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո