Միջազգային հանրությունը Հայաստանն այլևս չի դիտարկում որպես լիարժեք իրավական երկիր. Սիրանուշ Սահակյան
«Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիր Սիրանուշ Սահակյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի և Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի դեմ հարուցված գործերին, ասաց, որ այս ամենը Սահմանադրական դատարանի նախագահի դեմ է ուղղված, նաև շատ բացասական ազդակ է միջազգային հանրությանը․միջազգային գործընկերները Հայաստանն այլևս չեն դիտարկում որպես լիարժեք իրավական և ժողովրդավարություն։
«Գործադիր իշխանությունը, օրենսդիր իշխանությունը՝ ի դեմս առաջին դեմքերի, մշտապես հայտարարում է, որ Սահմանադրական դատարանի այս կազմը, այդ թվում՝ նախագահը ենթակա են փոփոխության և այլ վիճակ չի հանդուրժվելու: Կարծում եմ` Արա Բաբլոյանի, Արսեն Բաբայանի դեմ իրականացվող այդ արհեստական գործընթացները պետք է դիտարկել այդ հայտարարությունների կոնտեքստում»,- ասաց Սիրանուշ Սահակյանը:
Հիշեցնենք, որ Արա Բաբլոյանը մեղադրվում է երկու հոդվածով: Առաջինը` 300 հոդվածով` իշխանության յուրացում, և 314-րդ հոդվածով՝ պաշտոնական կեղծիք: Նրա նկատմամբ խափանման միջոցը ընտրված է ստորագրություն չհեռանալու մասին: Իսկ Արսեն Բաբայանը մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 314-րդ հոդվածի 1-ին մասով և ՔՕ-ի 300-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու մեջ: Արսեն Բաբայանի նկատմամբ խափանման միջոց է ընտրված կալանավորումը։
Ինչ վերաբերում է հետագա հնարավոր զարգացումներին, իրավաբանը նշեց. «Քանի որ տարվող գործընթացներն իրավական չեն, այլ՝ քաղաքական, ամեն կանխատեսում կարող է արվել: Եթե նույնիսկ կարճաժամկետ հաջողություն արձանագրեն իշխանությունները, ապա երկարաժամկետ գործընթացում վերջիններս պարտության են ենթարկվելու։ Նախ դժգոհություն և բացասական հանրային արձագանք է դրսևորվում և արմատավորվում է այն մոտեցումը, որ երկիրը իրավական չէ, իսկ իրավական արժեքները միշտ քաղաքական նպատակահարմարությանը ստորադասվում են: Դա շատ բացասական ազդակներ է ուղղում միջազգային հանրությանը, և գործընկերներն այլևս չեն դիտարկում երկիրը որպես լիարժեք իրավական և ժողովրդավարական։ Դա իր հետևանքներ է ունենում թե՛ միջպետական հարաբերություններում, թե՛ երկրի շուրջ ծավալվող արտաքին քաղաքական որոշումների կայացման գործընթացում»:
Անդրադառնալով Արա Բաբլոյանի մեղադրանքին, նա կարծիք հայտնեց, որ իրավական տեսանկյունից գործընթացը խոցելի է, չունի համապատասխան փաստական և իրավական հիմնավորում:
«Վկայակոչվում են փաստեր, թե Գագիկ Հարությունյանի հրաժարականը հարկադրված է եղել և նա հրաժարական ներկայացնելու մտադրություն չի ունեցել, մի բան, որը հրապարակային հերքվել է։ Գագիկ Հարությունյանը խոսել է հրաժարականի շարժառիթների մասին։ Դրա պատճառը նոր պաշտոն ստանձնելն է և այստեղ հարկադրված հրաժարականի մասին չի կարող խոսք գնալ: Այն, որ իբր կամարտահայտությունն արտահայտող փաստաթուղթը չի գտնվել պարոն Բաբլոյանի ձեռքի տակ, այդ առումով ևս առկա է հրապարակային հայտարարություն։ Աշխատակազմի ղեկավարն այն առձեռն է հանձնել: Որոշակի առումով շահարկվում են ժամկետները և փորձում են կիրառել օրենք, որը իրականում գործող չի եղել»,- ասաց նա:
Իրավաբանը նշեց, որ Սահմանադրական դատարանի մասին նախկին օրենքը ենթադրում էր տասնօրյա ժամկետ` հրաժարականը հետ վերցնելու համար։ «Բայց մենք գիտենք, որ 2017 թվականի Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքն ուժի մեջ էր մտել, ըստ որի՝ Ազգային ժողովի կողմից նշանակված և ընտրված պաշտոնատար անձանց (բացառությամբ վարչապետի և Վճռաբեկ դատարանի դատավորների) հրաժարականների դեպքում նախատեսվում է յոթնօրյա ժամկետ՝ հրաժարականը հետ վերցվելու համար։ ԱԺ նախագահը հանդես է գալիս հայտարարությամբ և համապատասխան արձանագրություն է կազմվում: Պարոն Բաբլոյանն առաջնորդվել է գործող սահմանադրական օրենքով և հիմքում դրել է մեկշաբաթյա ժամկետը»,-ասաց նա:
Սիրանուշ Սահակյան նշեց, թե հասկանալի է, որ Ազգային ժողովի նախագահը չէր կարող առաջնորդվել Սահմանադրական դատարանի մասին օրենքով, քանի որ իր գործունեությունը կանոնակարգող հիմնական ակտը ԱԺ կանոնակարգ օրենքն է և տվյալ պահին գործող օրենքով էլ առաջնորդվել է, որն ավելի բարձր իրավական ուժ ուներ, քան Սահմանադրական դատարանի մասին օրենքը:
Անդրադառնալով Արսեն Բաբայանի գործին՝ նա ասաց, որ նրան վերագրում են գործողությունը, որ հանձնարարել է հրաժարականի դիմումը մուտք անել ամսի 2-ով ոչ թե 5-ով: «Այստեղ էլ բազում խնդիրներ կան, քանի որ առնվազն ամսի 2-ին Արսեն Բաբայանը չի եղել աշխատակազմի ղեկավարի տեղակալ և նմանատիպ հանձնարարականներ չէր կարող տալ: Բացի այդ, կա համընդհանուր պրակտիկա բոլոր պետական մարմիններում. ուրբաթ երեկոյան ֆիզիկապես մուտք արված նամակները բազմաթիվ դեպքերում մուտք են արվում հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում: Այստեղ ևս անհասկանալի է, թե ինչ հանցավոր արարք կարող էր կատարած լինել անձը, որպեսզի օժանդակեր իշխանության յուրացմանը»,-ասաց նա:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո