Լիբանանում 12 օր անընդմեջ կաթվածահար է բոլոր բանկերի աշխատանքը
Լիբանանում բանկերը փակ են 12 օր անընդմեջ՝ ողջ երկրում զանգվածային հակակառավարական ցույցերի համատեքստում։
Զանգվածային ցույցերը Լիբանանում շարունակվում են հոկտեմբերի 17-ից։ Տարբեր տվյալներով՝ հակակառավարական ցույցերին մասնակցում է ավելի քան երկու մլն մարդ այն դեպքում, երբ երկրի ողջ բնակչությունը կազմում է 4 մլն։ Ցուցարարների գլխավոր պահանջը Սաադ Հարիրիի գործող կառավարության հրաժարականն է։ Ակտիվիստներն ամեն օր արգելափակում են երկրի գլխավոր ավտոմայրուղիները եւ խոշոր քաղաքների ճանապարհները, ներառյալ մայրաքաղաքը։ Բացի բանկերից, կաթվածահար է դպրոցների եւ համալսարանների աշխատանքը։
Լիբանանի բանկերի ասոցիացիան երկուշաբթի հայտարարություն է տարածել հաճախորդներին միայն բանկոմատներով սպասարկելու որոշման մասին եւ խոստացել է ապահովել կանխիկ միջոցների բավականաչափ քանակություն, որպեսզի հնարավորություն տա քաղաքացիներին ստանալու իրենց աշխատավարձերը։
«Բանկերը վախենում են բացել դռները հաճախորդների առջեւ, քանի դեռ փողոցներում շարունակվում են զանգվածային ցույցերը։ Բանկերը նաեւ վախենում են բացվել, որովհետեւ չեն կարող բավարարել շուկայի ամբողջ պահանջարկը, այդ թվում ապահովել դեպոզիտների փոխանցումները բոլոր ցանկացող հաճախորդներին Լիբանանի սահմաններից դուրս»,- ՌԻԱ «Նովոստի»-ին ասել է երկրի խոշոր բանկերից մեկի առաջատար մենեջեր Իյադ Ասաադը։
Նրա խոսքով՝ բնակչությունն ինքը երկյուղում է, որ բանկերի բացման դեպքում կտրուկ կփոխվի ազգային արժույթի փոխարժեքը դոլարի հանդեպ, ինչը կվատթարացնի քաղաքացիների ֆինանսական դրությունը։ Լիբանանի Կենտրոնական բանկի ղեկավարը երկուշաբթի ասել է CNN հեռուստաալիքի հարցազրույցում, որ տնտեսությունում «կոլապս» կսկսվի առաջիկա օրերին, եթե զանգվածային ցույցերը շարունակվեն եւ լուծում չգտնվի։
Լիբանանում տնտեսական եւ ֆինանսական վիճակը շարունակում է գտնվել ճգնաժամային դրության մեջ՝ համաձայն տեղի քաղաքական գործիչների եւ փորձագետների արտահայտությունների։ Երկրի նախագահ Միշել Աունը հոկտեմբերի սկզբին ասել էր, որ պետությունը տառապում է ֆինանսական շրջափակումից եւ պատժամիջոցներից։ Զգացվում է արժույթի դեֆիցիտ բանկային հատվածում։ Սահմանափակվել է դոլարի տրամադրումը, բարձրացել միջնորդավճարը կանխիկով արտարժույթ տրամադրելիս, ինչը հանգեցրել է դժվարությունների ինչպես դոլարով հաշվարկ կատարող ձեռներեցների, այնպես էլ շարքային բնակիչների շրջանում։ Դեֆիցիտն արդեն բացասաբար է անդրադարձել վառելիք գնողների, ալրաղացների եւ դեղագործական ընկերությունների վրա։
Բողոքները եւ զանգվածային հակակառավարական ցույցերը բռնկվել են Լիբանանի տարբեր քաղաքներում երկրի կառավարության կողմից ինտերնետով WhatsApp-ի տիպի հավելվածների օգտագործման համար հարկ (ամիսը 6 դոլար) մտցնելու որոշումից հետո, ինչպես նաեւ մտցվել է հարկ ծխախոտի արտադրանքի վրա (մոտ 1,3 դոլար ներմուծվող, 0,5 դոլար՝ տեղի արտադրանքի համար)։ Նախատեսվում է նաեւ 15 տոկոսով ավելացնել ԱԱՀ-ն մինչեւ 2022 թվականը։ Լիբանանի կապի նախարար Մուհամադ Շուքեյրը հոկտեմբերի 18-ի գիշերը հայտարարել է «WhatsApp-ի հարկը չեղարկելու» մասին, բայց բողոքները չեն դադարել։
Առաջին բողոքները եւ գործադուլները Լիբանանում սկսվել են ապրիլի վերջին եւ շարունակվել մինչեւ մայիսի վերջ։ Արհմիությունները սկսել են գործադուլ անել այն բանից հետո, երբ կառավարությունը 2019 ֆինանսական տարվա պետբյուջեն հաստատելիս ներառել է կետեր, որոնցով նախատեսվում է աշխատավարձերի եւ սոցիալական վճարների կրճատում պետծառայողների եւ պաշտոնաթող զինվորականների համար։


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար