Իշխանափոխության հիմքում ընկած են ատելության դրսևորումները. թշնամանքը բորբոքվում է նոր ուժով
«Փաստ» թերթը գրում է.
«Հասարակության շրջանում ատելության և թշնամանքի մթնոլորտ ստեղծելու մասին մեկ անգամ չէ, որ խոսվել է: Ճիշտ է՝ Փաշինյանի գլխավորած թավշյա հեղափոխության շարժումն ընթանում էր սիրո և համերաշխության կարգախոսների ներքո, սակայն դրանք ընդամենը լոզունգներ էին, որոնք պետք է արտաքին շղարշ հաղորդեին տեղի ունեցող գործընթացներին:
Իրականում իշխանափոխության հիմքում ընկած են ատելության դրսևորումները նրանց նկատմամբ, որոնք չեն սատարում հեղափոխության օրակարգը: Եթե թշնամանքի տարածման գործելակերպը աջակցություն չգտներ Փաշինյանի և նրա համախոհների կողմից, ապա այն ծայրահեղ դրսևորումներ չէր ստանա:
Բոլորս էլ հիշում ենք, թե շարժման օրերին ինչպես էին սև ժապավեններ կախում նախկին իշխանավորների անուններով, դագաղներ դնում նրանց տների առջև, կատարում նրանց հուղարկավորությունը, ամենավերջին հայհոյանքներով արատավորում նրանց արժանապատվությունը:
Եվ թվում էր, թե իշխանափոխությունից որոշ ժամանակ անց ատելության տարածման գործելակերպը այլևս տեղ չի ունենա հասարակության կյանքում, սակայն Փաշինյանն իր հայտարարություններով կրկին ու կրկին թեժացնում էր թշնամանքի դոզան՝ ասֆալտին փռելու և պատերին ծեփելու իր հայտարարություններով:
Դրան զուգահեռ՝ սոցցանցերում իշխանության հովանավորությամբ ֆեյքերի բանակը ամենավերջին լուտանքներ է տարածում այն մարդկանց հասցեին, որոնք համարձակվել են իշխանությունների «թանին թթու ասել»:
Չնայած բոլոր զգուշացումներին՝ նոր իշխանությունները շարունակեցին հասարակությունը սևերի և սպիտակների բաժանելու և անտոգոնիզմ սերմանելու քաղաքականությունը, որի արդյունքում թշնամանքը բորբոքվում է նոր ուժով:
Եվ տպավորություն է առաջանում, որ ներկայիս իշխանության համար լոկոմոտիվ է ոչ թե աշխատանքը և դրա արդյունքները, այլ ինչքան հնարավոր է նախկիններին սևացնելը, «նստեցնելը», որպեսզի իրենք լուսապսակներով երևան:
Սակայն նոր իշխանությունները դեռևս չեն գիտակցել, որ հանրային վստահության պաշարը կորցնելու հետ մեկտեղ հասարակության ներսում գեներացված թշնամանքի էներգիան, ցավոք, պարպվելու է իրենց գլխին, քանի որ հենց իրենք են պատասխանատու երկրում առկա իրավիճակի համար:
Եվ արդեն իսկ նկատելի են դեպքեր, որ իշխանությունների կողմից խրախուսվող ատելությունը շրջվում է իրենց դեմ:
Օրերս հայտնի դարձավ, որ Երևան-Գյումրի մայրուղու վրա անհայտ անձինք տեղադրել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարով գերեզմանաքարը՝ «Մեռավ սուտ խոսալով» գրությամբ:
Այս դեպքից հետո «Իմ քայլի» որոշ պատգամավորներ և իշխանության համակիրներ դատապարտեցին այս քայլը՝ նշելով, թե ատելության նման դրսևորումներն անընդունելի են:
Ճիշտ արեցին: Ճիշտ արեցին նաև ոչ իշխանական թևերից դատապարտողները: Դա իսկապես անթույլատրելի է, խայտառակ գործելաոճ է:
Սակայն նույն իշխանությունները պետք է ընդունեն, որ անուղղակիորեն հենց իրենք են այդ անթույլատրելի արարքի հեղինակը, ավելի ճիշտ՝ հեղինակային իրավունքն իրենցն է, քանզի իրենք են դրա սերմերը ցանողները:
Ու որքան էլ ցավալի է, սա «դեռ ձնծաղիկներն են», հասարակական մթնոլորտում կուտակված ողջ թշնամանքը պատեհ առիթի դեպքում ուղղվելու է իշխանությունների դեմ:
Եթե ժամանակին Փաշինյանը կանխեր նման գործելակերպի կիրառումն իր քաղաքական մրցակիցների նկատմամբ, ապա այսօր նույն պրոցեսը իր հետ տեղի չէր ունենա:
Թեպետ այս ամենը միայն մեկ կամ երկու տարվա հետևանք չէ:
Շուրջ 20 տարի շարունակ նույն Նիկոլ Փաշինյանն ու լևոնտերպետրոսյանական «բտռ»-ական ողջ մասսան չարություն, հայհոյանք, թույն, մանիպուլյացիա էր շաղ տալիս՝ այդ ամենը արմատավորելով հասարակական գիտակցության մեջ:
Նույնը շարունակվում է նաև հիմա:
Բայց դեռ ուշ չէ, ներկայիս իշխանավորները կարող են ներողություն խնդրել բոլորից, ում արժանապատվությունը նման գործելակերպով վիրավորել ու վիրավորում են, և դատապարտել ատելության տարածման յուրաքանչյուր այսպիսի երևույթ՝ անկախ նրանից՝ իշխանության ներկայացուցիչների նկատմամբ են, թե ընդդիմության:
Այդ դեպքում միայն հնարավոր կլինի հաստատել եթե ոչ սիրո ու համերաշխության, ապա սկզբի համար գոնե հանդուրժողականության մթնոլորտ»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար